Համամոլորակային շարժումն ընդդեմ գենդերային բռնության տարեցտարի ավելի է ակտիվանում: Նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 10-ն անցկացվող “Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ” քարոզարշավի լայնածավալ միջոցառումների շրջանակում կանանց դեմ ուղղված բռնությանը “ՈՉ” ասող մարդկանց թիվն ավելանում է:
Քարոզարշավին համընկան նաև հետևյալ հիշարժան օրերը՝
- նոյեմբերի 25 – Կանանց դեմ ուղղված բռնության վերացման միջազգային օր
- դեկտեմբերի 1 – ՁԻԱՀ-ի համաշխարհային օր
- դեկտեմբերի 2 – Ստրկության վերացման միջազգային օր,
- դեկտեմբերի 6 – Մոնրեալի սպանդի տարելից
- դեկտեմբերի 10 – Մարդու իրավունքների միջազգային օր։
1991 թվականից ավելի քան 160 երկրներից թվով 2000 հասարակական կազմակերպություններ մասնակցել են “Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ” ամենամյա համամոլորակային քարոզարշավին, որն ուղղված է կանանց դեմ բռնության ձևերի վերացմանը։ 2000 թվականից քարոզարշավն անցկացվեց նաև Հարավկովկասյան տարածաշրջանում, որի նապատակներն են.
- Գենդերային բռնության և նրա բոլոր տարատեսակների մասին Հայաստանի բնակչության իրազեկության բարձրացում և գիտելիքների խորացում՝ Հայաստանում կանանց մարդու իրավունքների չճանաչված խախտումները բացահայտելու և կանանց դեմ ուղղված բռնության նկատմամբ վերաբերմունքը փոխելու միջոցով։
- Հասնել ՀՀ կառավարության կողմից այն հանձնառությանն ու հավաստմանը, ըստ որի կանանց դեմ ուղղված բռնությունը, ինչպես հանրային, այնպես էլ մասնավոր իրավախախտների կողմից, մարդու իրավունքների ոտնահարում է և որ միջազգային պայմանագրերի ստորագրումն ու վավերացումը շատ քիչ է, եթե զուգորդված չէ ազգային օրենսդրական դաշտի շոշափելի և համաժամանակ փոփոխությունների հետ։
- Զարգացնել քաղաքացիական հասարակության կազմակերպությունների՝ շահերի արդյունավետ պաշտպանության և բռնության կանխարգելման ծրագրերի իրականացման կարողությունները։
- Խթանել ԶԼՄ-ների կողմից այս հարցի վերաբերյալ հասարակության իրազեկումը և գենդերային բռնության վերացման ուղիների ավելի ակտիվ լուսաբանումը։
- Սատարել համագործակցությունը կանանց, մարդու իրավունքների և առողջապահության հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների, ինչպես նաև կանանց դեմ ուղղված բռնության ոլորտի մասնագետների միջև:
- Հնարավորություն ընձեռել հանրությանն ու քաղաքացիական հասարակությանը՝ համատեղելու իրենց ջանքերն ընդդեմ գենդերային բռնության։
“Սպիտակ Ժապավենի” քարոզարշավ
<Սպիտակ ժապավենի> քարոզարշավը կանանց նկատմամբ բռնությանը վերջ տալու ուղղությամբ աշխատող տղամարդկանց կարևորագույն միջոցառումն է: Ավելի քան 55 երկրներում տղամարդիկ և կանայք իրականացնում են տղամարդկանց իրազեկության բարձրացման քարոզարշավներ: Որոշ պետություններում ծավալվում են հանրային իրազեկության բարձրացման ծրագրեր` առանձնակի ուշադրություն դարձնելով կանանց նկատմամբ բռնության վերացմանը: 1991թ. մի քանի տղամարդիկ Կանադայում որոշեցին, որ իրենք պատասխանատվություն են կրում` տղամարդկանց կոչ անելու բարձրաձայնել կանանց նկատմամբ բռնության երևույթների մասին: Սպիտակ ժապավեն կրելը խորհրդանշում է կանանց նկատմամբ բռնության անհանդուրժողականությունը տղամարդկանց համար: Վեցշաբաթյա նախապատրաստական աշխատանքների արդյունքում Կանադայում սպիտակ ժապավեններ կրող տղամարդկանց թիվը հասավ 100.000-ի: Մյուսները մասնակցեցին բազմաթիվ քննարկումների և բանավեճերի:
Սպիտակ ժապավեն կրելն անձի ուխտն է` երբևէ չբռնանալ կանանց և աղջիկներին, չհանդուրժել այդօրինակ բռնությունը և չլռել նման դեպքերի մասին: Սպիտակ ժապավեն կրողն ասում է. “Մեր ապագան զերծ է լինելու կանանց նկատմամբ բռնությունից”:
Սպիտակ ժապավենի քարոզարշավի հիմնական նպատակը կանանց նկատմամբ բռնության բոլոր դրսևորումներն արմատախիլ անելն է: Նպատակն իրագործվում է` լուծելով հետևյալ հինգ խնդիրները.
- Կոչ անել յուրաքանչյուր անձի` բարձրաձայնելու մտահոգությունները և խորհելու սեփական համոզմունքների, արտահայտությունների և վարվելակերպի մասին:
- Քարոզարշավի շրջանակներում պատրաստվող կրթական նյութերի հիման վրա բարձրացնել երիտասարդության, հատկապես` դեռահասների և տղաների իրազեկվածությունը խնդրի վերաբերյալ:
- Բարձրացնել խնդրի վերաբերյալ հանրային իրազեկվածությունը:
- Համագործակցել կանանց կազմակերպությունների, մասնավոր հատվածի, լրատվամիջոցների և այլ գործընկերների հետ` կերտելու կանանց նկատմամբ բռնությունից զերծ ապագա:
- Փորձով, ռեսուրսներով և ցանցային կապերով օժանդակել Սպիտակ ժապավենի քարոզարշավների իրականացմանը: