0
107

<Եթե դա պատահեր երկրների միջև, այն կկոչվեր պատերազմ:

Եթե դա հիվանդություն լիներ, ապա կկոչվեր համաճարակ:

Եթե ծովում նավթ թափվեր` կկոչվեր աղետ:

Սակայն դա կատարվում է կանանց հետ և դա սովորական երևույթ է…

Դա կանանց հանդեպ բռնությունն է……………>

 

Մայքլ Քաուֆման

<Սպիտակ ժապավեն> քարոզարշավի հիմնադիր

2010թ. նոյեմբերի 25-ին ՄԱԿ-ի հայաստանյան գրասենյակում տեղի ունեցավ Հայաստանում <Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ> քարոզարշավի մեկնարկին նվիրված մամուլի ասուլիս, որին մասնակցում էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ֆ. Բերիկյանը, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի /ՄԱԲՀ/ ներկայացուցչի տեղակալ Գ. Հայրապետյանը, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամ <Ընդդեմ գենդերային բռնության Հարավային Կովկասում> ծրագրի ղեկավար, Հայաստանում <16-օրյակ քարոզարշավի> ազգային համակարգող Ջ. Սարգիզովան և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ընտանիքի, կանանց և երեխաների հիմնահարցերի վարչության պետի տեղակալ, կանանց հիմնահարցերի բաժնի պետ Ա. Թանաշյանը:

Բանախոսները ներկայացրեցին օրակարգում ներառված հետևյալ հարցերը. ՀՀ պետական քաղաքականությունն ուղղված գենդերային հավասարության ապահովմանը և գենդերային բռնության դեմ պայքարին, <Գենդերային բռնության դեմ ակտիվության 16-օրյակ> համաշխարհային և 2010թ. հայաստանյան քարոզարշավների իրականացումը:

Նոյեմբերի 25-ին` Կանանց նկատմամբ բռնության վերացման միջազգային օրվա առիթով ասուլիսի մասնակիցներին հանձնվեց ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարի և ՄԱԲՀ գործադիր տնօրենի ուղերձները:

<<Յուրաքանչյուր կին ունի առողջության և արժանապատիվ ապրելու իրավունք` առանց վախի, հարկադրանքի, բռնության և խտրականության ենթարկվելու: Սակայն ամբողջ աշխարհում հարյուր հազարավոր կանանց մերժվում են մարդու այս իրավունքները: Ամեն օր պետք է բարձրաձայնել կանանց հանդեպ բռնության բոլոր դրսևորումների նկատմամբ մեր անհանդուրժողականությունը: Սա միայն կանանց հիմնախնդիրը չէ, այն վերաբերում է բոլորին: Համոզված ենք, որ համակարգված և համապարփակ մոտեցման դեպքում կստեղծվի այնպիսի աշխարհ, որտեղ կանայք և աղջիկները կապրեն վախից, բռնությունից և խտրականությունից զերծ միջավայրում և կիրագործեն իրենց ներուժն ու հավասար հնարավորությունները` տղամարդկանց հետ միասին վայելելով փոխադարձ հարգանք ու վստահություն >>,- նշված էր ուղերձներում:

<Ընդդեմ գենդերային բռնության Հարավային Կովկասում> ծրագրի ղեկավար Ջ. Սարգիզովան ներկայացրեց նոյեմբերի 25-ից դեկտեմբերի 10-ը իրականացվող <Ընդդեմ գենդերային բռնության ակտիվության 16-օրյակ> ամենամյա միջազգային քարոզարշավի մանրամասները, միջոցառումների ժամանակացույցը: Քարոզարշավի հիմքում ընկած է 1989թ. դեկտեմբերի 6-ին, Մոնրեալում կանադացի 14 ինժեներ ուսանողուհիների դաժան սպանությունը, որը առիթ հանդիսացավ կանանց նկատմամբ բռնությունից հրաժարումը խորհրդանշող <Սպիտակ ժապավեն> քարոզարշավի ստեղծմանը: 1991 թվականից քարոզարշավին մասնակցում են ավելի քան 2000 կազմակերպություն` 156 երկրում: Հայաստանում 16-օրյակն իրականացվում է 2001 թվականից: Այս տարի նախատեսվում է անցկացնել բազմաբնույթ միջոցառումներ` կանանց նկատմամբ բռնությանը վերաբերող հետազոտության արդյունքների ներկայացում, բեմադրություն, ռոք համերգ, սոցիալական տեսահոլովակների և ֆիլմերի ցուցադրում, տեղեկատվական հանդիպումներ և սեմինարներ Երևանում ու մարզերում:

Քարոզարշավի մտահոգության և ուշադրության կենտրոնում են կանանց նկատմամբ բռնությունը մշակութային և ազգային տեսանկյուններից, ներընտանեկան բռնությունը, թրաֆիքինգը, ՄԻԱՎ/ՁԻԱՀ համաճարակը, տղամարդկանց դերը գենդերային բռնության դեմ պայքարում և երիտասարդների մասնակցությունը գենդերային բռնության դեմ շարժմանը:

Ասուլիսի ավարտին տեղի ունեցավ <Կանանց նկատմամբ բռնություն> թեմայով ցուցահանդեսի բացումը, որտեղ ներկայացված էին տարածաշրջանային համանուն մրցույթի մասնակիցների լուսանկարչական աշխատանքները: Լավագույնները պարգևատրվեցին մրցանակներով:

Քարոզարշավի  շրջանակներում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը և ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամը կազմակերպել են կլոր սեղան-քննարկումներ բոլոր մարզերում, որին մասնակցում էին մարզպետարանների, տեղական ինքնակառավարման մարմինների, ՀԿ-ների և ԶԼՄ-ների ներկայացուցիչները: Հանդիպումների ընթացքում մասնակիցներին տրամադրվել են համապատասխան տեղեկատվական և մեթոդական նյութեր, բուկլետներ, պաստառներ, տեսահոլովակներ և այլն: