Կայացել է «Հասցեագրելով գենդերային հիմքով բռնությունը նոր բնականոն կյանքում» խորագրով համաժողովը

0
79

Գենդերային հավասարության, ընտանեկան և կանանց նկատմամբ բռնության կանխարգելման, կանանց իրավունքներին և հնարավորություններին առնչվող խնդիրները ևս մեկ անգամ քննարկելու նպատակով Ասիական զարգացման բանկի կողմից կազմակերպվել էր համաժողով, որին մասնակցել են շահագրգիռ գերատեսչությունների, տեղական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ։

Հանդիպմանն ելույթ  են ունեցել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը, ՀՀ-ում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիման, Ասիական զարգացման բանկի հայաստանյան գրասենյակի տնօրոն Պաոլո Սպանտիգատին։

Նախարարի տեղակալը համապարփակ ներկայացրել է գենդերային բռնության օրենսդրական կարգավորումները, նախարարության կողմից ոլորտում իրականացված աշխատանքներն ու նախատեսվող բարեփոխումները։ Այդ համատեքստում նշել է, որ ՀՀ կառավարությունը շարունակում է օրենսդրության և քաղաքականության մեջ գենդերային բաղադրիչի ներառմանն ուղղված աշխատանքներն՝ առկա կարծրատիպերի հաղթահարում, ընտանեկան բռնության կանխարգելում, գենդերային խտրականության դեմ պայքար, հանրության մեջ կանանց դերի բարձրացում։

«Գենդերային անհավասարությունը և խտրականությունը, ռեսուրսների և հնարավորությունների անհամաչափ հասանելիությունը հասարակության առաջընթացի լուրջ խոչընդոտ են հանդիսանում։ Հայաստանի համար ամենակարևոր խնդիրներից է կայուն սոցիալական և տնտեսական զարգացման ապահովումը՝ գենդերային բաղադրիչի ներառմամբ և բոլոր տեսակի խտրականությունների բացառմամբ, ինչը համահունչ է ժողովրդավարական, սոցիալական և իրավական պետության ստեղծման ուղին որդեգրած մեր երկրի քաղաքականությանը»,- իր խոսքում ընդգծել է Տաթևիկ Ստեփանյանը։

Վերջինս անդրադարձել է նաև ընտանիքում և կանանց նկատմամբ բռնության դեմ պայքարի շրջանակում իրականացվող օրենսդրական փոփոխություններին, որոնց հիմնական նպատակն է ձևավորել ընտանիքում բռնության կանխարգելման, բռնության ենթարկվածների անվտանգության և պաշտպանության, նրանց իրավունքների և օրինական շահերի ապահովման համար անհրաժեշտ իրավական կառուցակարգեր։ Կարևորվել է կնոջ դերի հետևողական բարձրացմանն ուղղված ծրագրերը, որոնք նպատակ ունեն ակտիվացնելու նրանց տնտեսական հմտություններն ու կարողությունները և ապահովել կայուն զբաղվածություն։

Աշխատաժողովի ընթացքում մասնակիցները քննարկել են պրակտիկ աշխատանքում ի հայտ եկած գենդերային բռնությանն առնչվող խնդիրներն ու դեպքերը, ինչպես նաև գենդերային բռնության կանխարգելման մեխանիզմները։

Հանդիպումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով։