Վերանորոգման և գույքային հագեցման աշխատանքներ՝ ԱՍՀՆ ենթակայությամբ գործող երեխաների ցերեկային խնամքի հինգ կենտրոններում

0
77

«Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն»-ում իրականացված վերանորոգման և գույքային հագեցման աշխատանքներին ծանոթանալու նպատակով՝  Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանը՝ Հայաստանում ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցչի ժամանակավոր պաշտոնակատար Սիլվիա Մեստրոնիի ու «Վորլդ Վիժն Հայաստան» զարգացման և բարեգործական միջազգային կազմակերպության տնօրեն Րաֆֆի Դուդակլյանի ուղեկցությամբ, այցելել է հաստատություն։

 Վերջիններս շրջել են կենտրոնի տարածքում, ծանոթացել իրականացված վերանորոգման աշխատանքներին, քննարկել ընթացիկ ու առաջիկա անելիքները։

Գործընկերների հետ զրույցում անդրադառնալով երեխաների իրավունքների պաշտպանության ոլորտում իրականացվող և նախատեսվող բարեփոխումներին՝ Տաթևիկ Ստեփանյանն ընդգծել է համատեղ իրագործվող ծրագրերի կարևորությունը։ Նախարարի տեղակալը նշել է, որ նախարարությունը պետական ծրագրերի շրջանակում ու նաև գործընկեր կազմակերպությունների աջակցությամբ, շարունակում է անհրաժեշտ աշխատանքներ իրականացնել՝ երեխաներին տրամադրվող  ծառայությունների որակի բարձրացման ուղղությամբ։

Հիշեցնենք, որ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ենթակայությամբ գործող երեխաների ցերեկային խնամքի հինգ կենտրոններում ընթանում են վերանորոգման և/կամ գույքային հագեցման աշխատանքներ։

«Երևանի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն», «Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն», «Երևանի Աջափնյակ վարչական շրջանի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն», «Սյունիքի մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն», «Լոռու մարզի երեխայի և ընտանիքի աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ների շենքային պայմանների բարեկարգմանն ուղղված նախապատրաստական աշխատանքներն իրականացվել են 2022 թ․ հուլիս ամսից։

Կենտրոնների վերանորոգման և/կամ գույքային հագեցման աշխատանքներն իրականացվում են ՅՈՒՆԻՍԵՖ-ի կողմից՝ ԱՄՆ կառավարության ֆինանսավորմամբ, ինչպես նաև «Վորլդ Վիժն Հայաստան» զարգացման և բարեգործական միջազգային կազմակերպության աջակցությամբ։