Հանրային քննարկում՝ «Կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ

0
90

ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ և Միջազգային հանրապետական ինստիտուտի (IRI) աջակցությամբ՝ տեղի է ունեցել հանրային քննարկում՝ «Կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի մասին» օրենքի նախագծի վերաբերյալ։

Հանդիպման ընթացքում ոլորտային հասարակական կազմակերպություններին և շահագրգիռ անձանց ներկայացվել է օրենքի կարգավորման առարկան, խնդիրների շրջանակը և միջազգային լավագույն փորձից բխող լուծումները։

Քննարկմանը մասնակցել են ԱԺ աշխատանքի և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հերիքնազ Տիգրանյանը, ԱՍՀ նախարարի տեղակալ Ռուբեն Սարգսյանը, Միջազգային հանրապետական ինստիտուտի հայաստանյան գրասենյակի տնօրեն Ջեյմս Դե Ուիթը։ Նրանք, շնորհավորելով ներկաներին դեկտեմբերի 5-ի՝ Կամավորության միջազգային օրվա առթիվ, կարևորել են կամավորության ինստիտուտի դերը երկրի հասարակական կյանքի տարբեր ոլորտներում։ Վերջիններս հույս են հայտնել, որ օրենքի նախագծի քննարկման արդյունքում՝ հնարավոր կլինի ամրագրել և ներդնել կամավորական գործունեության ամբողջական ու միասնական օրենսդրական կարգավորումներ, ինչպես նաև կամավորության մշակույթի զարգացման համար անհրաժեշտ պայմաններն ու մեխանիզմները։

ԱՍՀՆ աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Ժորա Սարգսյանը, ներկայացնելով օրենքի նախագծով առաջարկվող հիմնական փոփոխություններն ու լրացումները, նշել է, որ փաթեթի մշակման հիմնական նպատակը կամավորական գործունեության և կամավոր աշխատանքի միասնական իրավական հիմքերի սահմանումն է: Նրա խոսքով՝ նախագծերի փաթեթի ընդունմամբ հնարավոր կլինի հասարակության լայն շերտերի համար ապահովել կամավորական գործունեության և կամավոր աշխատանքների ներգրավման համար անհրաժեշտ իրավական մեխանիզմներ, որոնք կնպաստեն երկրում կամավորի ինստիտուտի կայացմանը, հասարակության մեջ փոխօգնության մթնոլորտի ձևավորմանը, բնակչության կյանքի որակի բարձրացմանն ու կենսակերպի բարելավմանը, ինչպես նաև ինքնակազմակերպվող ու քաղաքացիական ակտիվ հասարակության ձևավորմանը:

Հանդիպումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով, որի ընթացքում մասնակիցները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկները։