Փոխըմբռնման հուշագիր՝ Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարությունների միջև

0
91

Կարևորելով Հայաստանի Հանրապետության և Արաբական Միացյալ Էմիրությունների միջև բարեկամական հարաբերությունների, ինչպես նաև աշխատանքի և զբաղվածության ոլորտում արդյունավետ համագործակցության դերը` ԱՄԷ և ՀՀ կառավարությունների միջև փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել։Փաստաթուղթը կնքվել է երկու երկրների իրավասու մարմինների՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի ու Արաբական Միացյալ Էմիրությունների մարդկային ռեսուրսների և էմիրաթիզացիայի նախարար Աբդուլռահման Ալ Ավարի կողմից։

Հուշագրով կանոնակարգվում է Արաբական Միացյալ Էմիրություններում ՀՀ քաղաքացիների աշխատանքային գործունեությանն առնչվող մի շարք հարցեր։ Հուշագրի շրջանակում ՀՀ կառավարությունը հանձն է առել ապահովել աշխատողների հավաքագրումն ու Արաբական Միացյալ Էմիրություններ մեկնելու նախապատրաստումը, աշխատանքի ընդունման հետ կապված համապատասխան օրենքների, կանոնակարգերի ու ընթացակարգերի վերաբերյալ տեղեկատվության տրամադրումը և այլն։Արաբական Միացյալ Էմիրությունների Կառավարությունն, իր հերթին, պարտավորվել է պաշտպանել ԱՄԷ-ում ՀՀ քաղաքացիություն ունեցող աշխատողների իրավունքները` համաձայն երկրում գործող օրենքների:

ԱՄԷ կառավարությունը հանձն է նաև ապահովել ՀՀ քաղաքացիություն ունեցող աշխատողների՝ Արաբական Միացյալ Էմիրություններ մուտքի ու զբաղվածության համապատասխանեցումը երկրում գործող օրենքներին, ընթացակարգերին, և կանոնակարգերին։ Կողմերի միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել երկու երկրների ներկայացուցիչների մասնակցությամբ ստեղծել համակարգող հանձնաժողով, որը 6 ամսվա ընթացքում կապահովի, որ մինչև Հայաստանի Հանրապետությունից ԱՄԷ մեկնելը ՀՀ քաղաքացիություն ունեցող աշխատողներն ունենան աշխատանքի առաջարկ, որը պատշաճ կերպով ստորագրված կլինի ինչպես աշխատողի, այնպես էլ գործատուի կողմից:

Հուշագրի ուժի մեջ մտնելուց հետո՝ վեց ամսվա ընթացքում, կողմերի իրավասու մարմինները կստորագրեն նաև իրականացման ընթացակարգերը: