Նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել «Խալիֆա բին Զայեդ» հիմնադրամի գլխավոր տնօրեն Մոհամեդ Հաջի Ալ Խուրիի հետ

0
84

Արաբական Միացյալ Էմիրություններ (ԱՄԷ) կատարած այցի շրջանակում՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը հանդիպում է ունեցել «Խալիֆա բին Զայեդ» հիմնադրամի գլխավոր տնօրեն Մոհամեդ Հաջի Ալ Խուրիի հետ։ Հանդիպմանը մասնակցել են նաև ԱՄԷ-ում ՀՀ դեսպան Կարեն Գրիգորյանը, Միասնական սոցիալական ծառայության պետ Էդուարդ Պետրոսյանը։

Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության ուղղություններին վերաբերող մի շարք հարցերի։ Կողմերը կարևորել են ՀՀ և ԱՄԷ կառավարությունների միջև 2022 թ․ նոյեմբերի 13-ին ստորագրված փոխըմբռնման հուշագրով նախատեսված կետերի իրականացումը, ըստ որի՝ նախատեսվում է ՀՀ քաղաքացիների համար վերապատրաստումներ իրականացնել՝ հետագայում Արաբական Միացյալ Էմիրություններում աշխատանքով ապահովելու հեռանկարով։

Հուշագրից բխող գործողությունների կատարման համատեքստում՝ Նարեկ Մկրտչյանն ու Մոհամեդ Հաջի Ալ Խուրին քննարկել են հայ-էմիրաթական միջին մասնագիտական, կրթական և վերապատրաստումների կենտրոն ստեղծելու հնարավորությունը։     

Երկուստեք շեշտվել է նաև երկու երկրների սոցիալական պաշտպանության ոլորտի զարգացման նպատակով համատեղ ծրագրերի անհրաժեշտությունը․ պայմանավորվածություն է ձեռք բերվել գործնականում ընթացք տալ քննարկված հարցերին։