Էական փոփոխություններ ընտանեկան նպաստի համակարգում

0
91

Դեկտեմբերի 10-ին <<Արմենիա-Մարիոթ>> հյուրանոցի <<Էրատտո>> սրահում տեղի ունեցավ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից կազմակերպված <<Էական փոփոխություններ ընտանեկան նպաստի համակարգում>> թեմայով համապետական սեմինար-խորհրդակցությունը: Մասնակցում էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Գիրգորյանը, նախարարի տեղակալ Ա. Ասատրյանը, ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության պետ Ն. Մուրադխանյանը, շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներ, սոցիալական ծառայությունների տարածքային մարմինների, ՀՀ մարզպետարանների /քաղաքապետարանների/ առողջապահության և սոցիալական պաշտպանության բաժինների ղեկավարներ:

Ողջունելով խորհրդակցության մասնակիցներին` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Գրիգորյանը ներկայացրեց ընտանիքների անապահովության գնահատման (ընտանեկան նպաստների) համակարգում 2011թ. նախատեսվող փոփոխությունները, որոնք նպատակ ունեն հասցեական դարձնել պետության կողմից տրվող օգնությունը:

<<Կոչ եմ անում պատասխանատվությամբ մոտենալ իրականացվող բարեփոխումներին, ներդնել Ձեր բոլոր կարողություններն ու ներուժը, քանի որ մեր քաղաքացիները պետության նկատմամբ իրենց վստահությունը ձևավորում են նաև սոցիալական աշխատողների հետ շփվելով և նրանց վերաբերմունքից: Եղեք հետևողական ու խստապահանջ այս փոփոխությունների նկատմամբ>>,-նշեց իր խոսքում նախարարը:

Նախարարության կողմից մշակված նախագծի պարզաբանումներով հանդես եկան նաև նախարարի տեղակալ Ա. Ասատրյանը և սոցիալական աջակցության վարչության պետ Ա. Մինասյանը:

Քննարկման ընթացքում հնչեցին բազմաբնույթ հարցեր, որոնք ստացան սպառիչ պատասխաններ:

Ի դեպ` ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակվել է ՀՀ կառավարության որոշման նախագիծ, որով ընտանիքների անապահովության գնահատման (ընտանեկան նպաստների) համակարգում 2011թ. նախատեսվող փոփոխությունները նպատակ ունեն առավել հասցեական դարձնել պետության կողմից տրամադրվող սոցիալական աջակցությունը, հստակեցնելու կիրառվող չափորոշիչները, ինչպես նաև քաղաքացիների կողմից փաստաթղթերի ներկայացման կարգը: Փաստաթղթերի ներկայացման փոփոխվող կարգը նպատակ ունի հետագայում աստիճանաբար նվազագույնի հասցնել քաղաքացիների կողմից ներկայացվող փաստաթղթերի քանակը և դրանցում ներառված տեղեկությունները ստանալ կենտրոնացված կարգով` տարբեր պետական կառավարման մարմինների տվյալների շտեմարաններից: Մասնավորապես խնդիրը վերաբերում է բնակչության պետական ռեգիստրի, կադաստրի պետական կոմիտեի և ՔԿԱԳ /Քաղաքացիական կացության ակտերի գրանցման/ մարմինների տեղեկատվական բազաները կատարելագործելու և դրանցից առցանց տեղեկատվություն ստանալու աշխատանքներին: Այս իմաստով կարևորվում է նաև հարակից այլ տեղեկատվական բազաներից (աշխատողների աշխատավարձերի, մեքենաների սեփականատերերի, մաքսային գործարք կատարողների, անհատ ձեռնարկատերերի ու կազմակերպությունների հիմնադիրների և այլն) ստացվող տվյալների կիրառումը, որը դառնում է ավելի արդիական և կրելու է շարունակական բնույթ:

2011թ. ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառվող (փաստագրվող) ընտանիքները ընտանիքի կազմի, ունեցած հողի տեսակի, դրա կադաստրային զուտ եկամուտի և հողատարածքի մակերեսի, ինչպես նաև անասնագլխաքանակի մասին տեղեկատվությունը պետք է ներկայացնեն, ոչ թե տեղական ինքնակառավարման (քաղաքապետարան, գյուղապետարան, համատիրություն), այլ պետական իրավասու մարմիններից:

Մասնավորապես. շատ է կարևորվում <<Բնակչության պետական ռեգիստի մասին>> ՀՀ օրենքի պահանջների կատարումը, համաձայն որի` քաղաքացիները պարտավոր են բնակության վայրը փոխելու դեպքում 7-օրյա ժամկետում գրավոր տեղեկացնել իրենց նոր բնակության վայրի պետական ռեգիստրին և հաշվառվել` ըստ բնակության վայրի: Սա նշանակում է, որ ընտանիքի կազմի վերաբերյալ տեղեկատվությունը ներկայացվելու է ըստ բնակչության պետական ռեգիստրի տվյալների` սկզբնական շրջանում քաղաքացիների կողմից տեղեկանքների միջոցով, իսկ այնուհետև` ոստիկանության տեղեկատվական բազայից` առցանց եղանակով:

Մեր քաղաքացիները պետք է հստակ տեղեկացված լինեն, որ այս հաշվառումը քաղաքացու համար տվյալ կացարանի նկատմամբ սեփականության կամ այլ իրավունքներ չի առաջացնում:

Կատարված փոփոխությունները հնարավորություն են տալու կանխարգելել քաղաքացիների կողմից ոչ հավաստի տեղեկատվության ներկայացումը, տեղական ինքնակառավարման մարմինների կողմից ոչ հավաստի տեղեկատվության տրամադրումը` նվազեցնելով հնարավոր կոռուպցիոն ռիսկերն ու հովանավորչությունը` միաժամանակ մեծացնելով նշանակվող նպաստների հասցեականությունը:

Մյուս փոփոխությունը վերաբերում է ունեցած հողի տեսակի, դրա կադաստրային զուտ եկամուտի և հողատարածքի մակերեսի վերաբերյալ տեղեկատվությանը: Նախատեսվում է, որ նշված տեղեկատվությունը քաղաքացին կհայտարարագրի, իսկ սոցիալական ծառայությունների տարածքային մարմինը համապատասխան հարցման միջոցով այն կճշտի կադաստրի պետական կոմիտեից: Վերջինս նշված տեղեկատվությունը ճշտելու է իր կենտրոնական տեղեկատվական բազայից, որը նշանակում է, որ եթե նախկինում քաղաքացին իր ունեցած (կամ չունեցած) հողի մասին տեղեկատվություն ներկայացնում էր միայն իր համայնքի տեղական ինքնակառավարման մարմնից, ապա 2011 թվականից այդ տեղեկատվությունը ճշտվելու է հանրապետության ամբողջ տարածքի համար: Իսկ անասնագլխաքանակի վերաբերյալ տեղեկատվությունը քաղաքացին կներկայացնի համայնքում հակահամաճարակային պետական միջոցառումներ իրականացնող անասնաբուժական ծառայության անասնաբույժի կողմից տրված տեղեկանքի հիման վրա:

Իրականացվող փոփոխությունների նպատակներից է նաև հնարավորինս բացառել 2010թ. նոյեմբերի 1-ից կենսաթոշակի չափի բարձրացմամբ (2500 դրամ) պայմանավորված ընտանեկան նպաստի իրավունքի կորցնելը:

Ընտանիքների անապահովության միավորի (որը ներկայումս սահմանված է 30.0) ձևավորման հարցում, 2011թ. հունվար ամսից, կնվազեցվի նաև ընտանիքի ունեցած եկամուտի ազդեցությունը, որը պայմանավորված է վերը նշված` կենսաթոշակների չափերի բարձրացման ազդեցությունը չեզոքացնելու հանգամանքով, ինչպես նաև կրում է անապահովության գնահատման համակարգում հայտարարագրված եկամուտների որոշակի ինդեքսավորման բնույթ:

Մեկ այլ փոփոխություն է նախատեսվում նաև հանրապետության այն բնակավայրերի բնակիչների համար, որոնք սահմանամերձ են և գյուղատնտեսական աշխատանքներով զբաղվելը դժվար է կամ անհնարին: Այս ընտանիքների համար ընտանեկան նպաստի համար դիմելիս հողօգտագործումից և անասնապահությունից ստացվող եկամուտը չի հաշվարկվի` այլ հավասար պայմաններում նրանց համար ստեղծելով ավելի նպաստավոր պայմաններ` պետական սոցիալական աջակցությունից օգտվելու համար:

Առաջարկվում է նաև հանրապետության գյուղաբնակ բնակչության համար, ովքեր ունեն մեկ-երկու գլուխ անասուն, անասնապահությամբ զբաղվելու շրջանակներում ձևավորվող եկամուտը` տարեկան մինչև 40.000 դրամի չափով չդիտարկել որպես եկամուտ: Սա որոշակիորեն հնարավորություն կտա ցածր եկամուտ ունեցող գյուղաբնակ ընտանիքներին իրենց աշխատանքով հոգալ ընտանիքի առօրյա կարիքները, սակայն այդքանով հանդերձ, սահմանված չափորոշիչներով անապահով համարվելու դեպքում, օգտվել նաև պետական սոցիալական աջակցությունից:

Պետական քաղաքականությունը չի խրախուսում և երբևէ չի խրախուսելու աշխատունակ անձանց պետական սոցիալական աջակցության տրամադրումը: Կատարվող փոփոխությունները, ինչպես նաև հաջորդ տարի կատարվելիք հիմնարար այլ փոփոխությունները նպատակ ունեն խրախուսելու սեփական ուժերով ընտանիքների կարիքների հոգալը` աջակցություն ցուցաբերելով միայն անկարողունակներին: Սա դժվարին, բայց աստիճանաբար հաղթահարելի խնդիր է, քանի որ պետք է հաշվի առնվի թե երկրում առկա գործազրկության մակարդակը և թե թաքնված զբաղվածության մակարդակը: