2010թ. դեկտեմբերի 2-5-ը, Ծաղկաձորում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և <Բնակչություն և զարգացում> ծրագրի շրջանակներում ՄԱԿ-ի Բնակչության հիմնադրամի աջակցությամբ տեղի ունեցավ, <Ժողովրդագրական հիմնահարցերը Հայաստանի Հանրապետությունում> թեմայով դասընթացը, որին մասնակցում էին շուրջ երեք տասնյակ շահագրգիռ գերատեսչությունների ներկայացուցիչներ:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ա. Ասատրյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրեց ՀՀ կառավարության 2009թ. հուլիսի 2-ի թիվ 27 արձանագրային որոշմամբ հաստատված <ՀՀ ժողովրդագրական քաղաքականության ռազմավարությունը և ռազմավարության իրականացումն ապահովող միջոցառումների ցանկը /2009-2035թթ./>, ինչպես նաև ժողովրդագրության ոլորտում ՀՀ կառավարության որդեգրած քաղաքականության հիմնական ուղղությունները:
<Ես կարևորում եմ ժողովրդագրական հիմնախնդիրների համակարգված ու ամբողջական լուծման նպատակով շահագրգիռ պետական մարմինների սերտ համագործակցությունը>- նշեց պարոն Ասատրյանը:
Ժողովրդագրական քաղաքականության ռազմավարության, ինչպես նաև յուրաքանչյուր տարի շահագրգիռ մարմինների առաջարկությունների հիման վրա մշակվող և ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացվող Ժողովրդագրական իրավիճակի բարելավման ամենամյա պետական ծրագրի իրականացումը ապահովելու, դրանց արդյունքային գնահատումները կատարելու համար անհրաժեշտ է ստեղծել տեղեկատվության ստացման և արդյունավետության գնահատման համակարգ:
Նշված համակարգի ներդրման նպատակով ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից մշակվել և համաձայնեցման նպատակով շրջանառության մեջ է դրվել <Հայաստանի Հանրապետության ժողովրդագրական իրավիճակի բարելավման ամենամյա պետական ծրագրի մոնիթորինգի իրականացման կարգը հաստատելու մասին> ՀՀ կառավարության որոշման նախագծի հիմնադրույթները: Այս մասին զեկուցեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի ժողովրդագրության բաժնի պետ Վ. Բաբաջանյանը:
Հայաստանի Հանրապետությունում ժողովրդագրական իրավիճակի, զարգացման գնահատումների, բնակչության և նրա թվաքանակի ու շարժընթացի ընդհանուր չափորոշիչների, ՀՀ միգրացիոն հոսքերի վերլուծության թեմաներով հանդես եկան նաև ՀՀ ԱՎԾ մարդահամարի և ժողովրդագրության բաժնի պետ Կ. Կույումջյանը, ՀՀ ԱՍՀՆ <Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային ինստիտուտի> ժողովրդագրության բաժնի պետ Վ. Մարուքյանը, ՀՀ ՏԿՆ միգրացիոն պետական ծառայության պետի տեղակալ Ի. Դավթյանը:
Պետության զարգացման համար ժողովրդագրության խնդիրները առաջնահերթ են և պահանջում են արագ լուծումներ: