Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը, Էկոնոմիկայի նախարարությունն ու ՄԱԿ-ի զարգացման ծրագիրն (ՄԱԶԾ) այսօր ամփոփել են կանանց տնտեսական զորեղացման «Պլատֆորմ #5» հարթակի, Աքսելերատոր և Պրե-աքսելերատոր ծրագրերի արդյունքները։
Միջոցառման ընթացքում ներկայացվել է համատեղ ջանքերով իրականացվող ծրագրերի ընթացքը, արձանագրված հաջողություններն ու հետագա անելիքները։ Ընդգծվել է ծրագրերի արդյունավետությունը, որոնց շրջանակում երևանաբնակ և մարզաբնակ կանանց հնարավորություն է տրվում դասընթացների միջոցով զարգացնել իրենց ձեռնարկատիրական հմտություններն ու իրագործել բիզնես գաղափարներ:
Շեշտելով նմանօրինակ միջոցառումների կարևորությունը՝ նախարար Նարեկ Մկրտչյանն իր ելույթում նշել է, որ կանանց տնտեսական զորեղացումը, նրանց ներուժի բացահայտումն ու մասնագիտական կարողությունների զարգացումն Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության առաջնահերթություններից են։ Այս համատեքստում նախարարը բարձր է գնահատել աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում ՄԱԿ-ի հետ համագործակցության դերը, մասնավորապես՝ ձեռներեցության խթանման, միջին և փոքր բիզնեսների զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացման տեսանկյունից։
«Ուրախությամբ պետք է փաստել, որ «Պլատֆորմ #5» հարթակում ընդգրկվել ցանկացող կանանց թիվը 6 անգամ ավելի էր նախատեսվածից։ Կարծում եմ՝ ծրագրի նկատմամբ նման հետաքրքրվածությունը խոսում է այն մասին, որ կանայք հավատում են իրենց ուժերին ու անհրաժեշտ քայլեր են իրականացնում աշխատաշուկայում իրենց տեղը գտնելու համար։ Իսկ պետությունն այդ հարցում կանանց կողքին է և պատրաստ է աջակցել նրանց»,- նշել է նախարար Մկրտչյանը։
Հայաստանում ՄԱԿ-ի զարգացման ծրագրի մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլիի խոսքով ևս՝ պետք է շարունակել համատեղել ջանքերը կանանց տնտեսական զորեղացմանն ուղղված նախաձեռնությունների իրականացման գործում, որոնք կարող են առանցքային հարթակներ լինել վերջիններիս ինքնազարգացման ու ինքնադրսևորման համար։
«Մենք` կանայք, հասարակության կեսն ենք կազմում և ունենք հավասար կարողություններ ու հմտություններ` նպաստելու հասարակության բարեկեցությանը: Ցավոք, կանայք դեռևս բախվում են որոշ սահմանափակումների, որոնք խանգարում են ամբողջովին օգտագործել նրանց ներուժը: Սա է այն մարտահրավերը, որ այս նախագիծը փորձում է լուծել, մասնավորապես՝ խթանելով կանանց մասնակցությունը բարձր արտադրողականություն ունեցող ոլորտներում»,- նշել է Ն․ Նացվլիշվիլին։
ՀՀ էկոնոմիկայի փոխնախարար Ռաֆայել Գևորգյանը ևս կարևորել է նման նախաձեռնությունների դերը հասարակական-քաղաքական կյանքի բոլոր ոլորտներում կանանց ակտիվ ներգրավվածության ապահովման գործում։ Այս համատեքստում փոխնախարարը շեշտել է նաև գործընկեր կառույցների հետ արդյունավետ համագործակցության շարունակականությունը, ինչի շնորհիվ քաղաքացիներին հնարավորություն է տրվում զարգացնելով մասնագիտական հմտությունները՝ կայուն զբաղվածություն ապահովել։
Միջոցառման շրջանակում ԱՍՀ նախարարի հասարակական հիմունքներով խորհրդական Վիկտորյա Այդինյանն անդրադարձել է «Պլատֆորմ #5» հարթակի ստեղծման գաղափարին, հիմնական նպատակներին ու ծրագրի ընդլայնմանն ուղղված հետագա աշխատանքներին։
«Պլատֆորմ #5» ծրագիրն իրականացվում է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, Էկոնոմիկայի նախարարության և ՄԱԿ-ի զարգացման ծրագրի համատեղ ջանքերով։ Ծրագրի շրջանակում թվային մարքեթինգի դասընթացներ են իրականացվում 1400 կանանց համար։ Հաջորդ փուլ անցած 300 մասնակիցների հետ կտարվեն աշխատանքներ՝ կայուն զբաղվածություն ապահովելու նպատակով։