0
102

Այսօր տեղի է ունեցել ՀՀ կառավարության հերթական նիստը, որը վարել է ՀՀ վարչապետ ՏիգրանՍարգսյանը:
Քննարկելով ՀՀ Ազգային ժողովի պատգամավորներ Հեղինե Բիշարյանի և Հովհաննես Մարգարյանի` օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած “Հայխնայբանկում ավանդատու հանդիսացող Արցախյան պատերազմի մասնակիցներին` ազատամարտիկներին, որպես նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993թ. հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցում տրամադրելու մասին” ՀՀ օրենքի նախագիծը, կառավարությունը գտնում է, որ ներկայացված նախագծի ընդունման անհրաժեշտությունը ներկայումս բացակայում է: Առաջարկվող կատեգորիայի անձանց փոխհատուցում տալու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են նախկինում ընդունված որոշումներով, իսկ 2013թ. մայիսի 23-ին ՀՀ ԱԺ-ի հավանությանն արժանացած ՀՀ կառավարության ծրագրի` սոցիալական քաղաքականության ոլորտի նախատեսումներով իրականացվում են ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման շարունակական ծրագրեր:
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Ասատրյանը տեղեկացրել է, որ սոցիալական բոլոր թիրախավորված խմբերը, այդ թվում` ազատամարտիկները, 2006թ. սահմանված առաջնահերթություններով, ստացել են իրենց ավանդների փոխհատուցումները: Այդ ընթացքում ավելի քան 60 հազար քաղաքացու վճարվել է շուրջ 10 մլրդ դրամի փոխհատուցում:
Վարչապետ Տիգրան Սարգսյանը հանձնարարել է առաջիկա երեք տարիների համար հստակեցնել խնայբանկի ավանդների փոխհատուցումների տրամադրման թիրախային խմբերը, կառավարության հաստատմանը ներկայացնել ծրագրային առաջարկություններ, առաջնահերթ ուշադրություն դարձնելով Հայրենական պատերազմի դեռևս փոխհատուցում չստացած մասնակիցներին, Արցախյան ազատամարտի մասնակիցներին, ազատամարտիկներին, ինչպես նաև սոցիալապես անապահով ընտանիքներին:

Սոցիալական փաթեթի հանգստի գումարը կփոխանցվի միանվագ

Կառավարությունը փոփոխություններ է կատարել Սոցիալական փաթեթի հատկացման կարգի վերաբերյալ 2012թ. դեկտեմբերի 27-ի որոշման մեջ, ինչը պայմանավորված է սոցիալական փաթեթի գումարների միանվագ փոխանցման անհրաժեշտությամբ` աշխատողի հանգստի ապահովման ծառայությունից օգտվելու դեպքում: Հիշեցնենք, որ այս տարվանից սոցփաթեթի գումարը շահառուների հաշվեհամարին էր փոխանցվում ամսական կտրվածքով, ինչը հանգստի մեկնել ցանկացողների համար խնդիրներ էր ստեղծել: Տուրօպերատորները չեն համաձայնվել մասնակի վճարմանը, ինչի հետևանքով պետական աշխատողներին առաջարկվել էր հանգստի մեկնելու համար վարկեր վերցնել: Սա դժգոհություններ էր հարուցել, ինչը ստիպեց, որ կառավարությունը վերանայի որոշումը: Այսպիսով հանգստի ծառայությունների համար միանվագ փոխանցում իրականացնելու հնարավորությամբ կստեղծվեն առավել բարենպաստ պայմաններ: Կարևորելով պետական ծառայողների հանգիստը Հայաստանի Հանրապետությունում և Արցախում կազմակերպելու հնարավորությունը, վարչապետը հանձնարարել է վերահսկողություն իրականացնել տուրիստական փաթեթի գների նկատմամբ, որպեսզի տուրօպերատորները չխախտեն ձեռք բերված պայմանավորվածությունները և չներկայացնեն առողջապահական և տուրիստական համալիրների գները գերազանցող առաջարկներ: “Եթե այս սկզբունքը մենք ապահովենք, ապա ես համոզված եմ, որ տարեցտարի մեր հանրապետական տուրիզմն ավելի մեծ թափով կզարգանա”,-ասել է վարչապետը:

SHARE
Previous article
Next article