0
80

Հուլիսի 13-ին աշխատանքային այցով Մասնագիտական կողմնորոշման մեթոդական կենտրոնում էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը:

Այցի հիմնական նպատակն էր ծանոթանալ կենտրոնի կողմից ներկայումս իրականացվող աշխատանքներին և գործունեությանը խոչընդոտող հիմնական խնդիրներին:

Հանդիպման ընթացքում կենտրոնի տնօրեն Հայկուհի Գևորգյանը ներկայացրեց մասնագիտական կողմնորոշման նոր քաղաքականության համատեքստում կենտրոնի 2013թ. աշխատանքային ծրագիրը, առաջին կիսամյակի հաշվետվությունը և առաջիկա միջնաժամկետում նախատեսվող զարգացումներն ու նոր նախաձեռնությունները:

Հիմք ընդունելով ՀՀ կառավարության կողմից հավանության արժանացած “Հայաստանի Հանրապետությունում մասնագիտական կողմնորոշման համակարգի զարգացման հայեցակարգը” և Երիտասարդների մասնագիտական կողմնորոշման կենտրոնն անվանափոխելու մասին ՀՀ կառավարության որոշումը` կենտրոնը  2013թ. անցել է գործունեության նոր ուղղության, այն է` ծառայություն մատուցողից վերափոխվելով մասնագիտական կողմնորոշման համակարգի օղակների մեթոդաբանության ապահովման, կադրերի վերապատրաստման և իրազեկման կառույցի: Հաշվետու տարվա ընթացքում կենտրոնը կիրականացնի ծառայությունների մատուցման երեք հիմնական օղակներում` հանրակրթության, մասնագիտական կրթության հաստատություններում և ինտեգրված սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոններում մասնագիտական կողմնորոշման տրամադրման մոդելների մշակումը, փորձնական ծրագրով կադրերի վերապատրաստումը և իրազեկման սեմինարիների անցկացումը Երևանում և հանրապետության հեռավոր մարզերում:

Հանդիպման վերջում նախարարը կարևորելով մասնագիտական կողմնորոշման համակարգի ներդրումն ու զարգացումը` առանձնացրեց նախարարության կողմից զբաղվածության ոլորտում և ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգում իրականացվող մի շարք միջոցառումներ, որոնք կարող են նպաստել մասնագիտական կողմնորոշման ծառայությունների արդյունավետության բարձրացմանը: Նա իր ամփոփիչ խոսքում առավել շեշտադրեց մասնագիտական կողմնորոշման առցանց ծառայությունների, տեղեկատվական մասնագիտացված շտեմարանի զարգացման հարցը:

Այցի ընթացքում նրան ուղեկցում էին նախարարության աշխատակազմի աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Թադևոս Ավետիսյանը, հասարակայնության հետ կապերի բաժնի պետ Հասմիկ Խաչատրյանն ու ներքին աուդիտի բաժնի պետ Սերգեյ Տերտերյանը:

SHARE
Previous article
Next article