Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը 2023 թվականի ընթացքում շարունակում է սոցիալ-հոգեբանական վերականգնողական ծառայություններ տրամադրել թրաֆիքինգի և շահագործման, սեռական բռնության ենթարկված անձանց։
Այս նպատակով պետական բյուջեից 2023 թվականի համար հատկացվել է շուրջ 37 մլն դրամ։
Ծրագրի շրջանակում շահառուներին մատուցվում է սոցիալ-հոգեբանական վերականգնողական, կացարանային, բնաիրային օգնության, անհրաժեշտ փաստաթղթերի կամ դրանց վերականգնման, խնամքի, բժշկական օգնության և սպասարկման, իրավաբանական օգնության, աշխատանքի տեղավորման ծառայություններ։ Այս տարի համապատասխան ծառայությունները տրամադրվում են դրամաշնորհային մրցութային կարգով հաղթող ճանաչված կազմակերպության՝ «Դեմոկրատիան այսօր» հասարակական կազմակերպության կողմից (թեժ գիծ՝ 080 05 05 58)։
Թրաֆիքինգի և շահագործման, սեռական բռնության ենթարկված անձանց ԱՍՀ նախարարության կողմից տրամադրվում է նաև միանվագ 250,000 դրամ աջակցություն՝ վերաինտեգրման փուլում առաջնային կարիքների բավարարման նպատակով։ Այն հատկացվում է օրենսդրությամբ սահմանված կարգով Մարդկանց թրաֆիքինգի և շահագործման զոհերի նույնացման հանձնաժողովի կողմից որպես թրաֆիքինգի և շահագործման զոհ ճանաչված անձանց։