ԱՍՀ և ՏԿԵ նախարարների գլխավորությամբ կայացել է հանդիպում-քննարկում՝ համայնքային սոցիալական աշխատանքի վերաբերյալ՝ «Սոցիալական աջակցության մասին» նոր օրենքի համատեքստում

0
144

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանի ու ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանի գլխավորությամբ՝ այսօր կայացել է հանդիպում-քննարկում՝ համայնքային սոցիալական աշխատանքի վերաբերյալ՝ «Սոցիալական աջակցության մասին» նոր օրենքի համատեքստում։ Միջոցառմանը ՀՀ բոլոր մարզերից և Երևանից մասնակցել են համայնքային ավելի քան 60 սոցիալական աշխատող, ներկայացուցիչներ՝ ԱՍՀ և ՏԿԵ նախարարություններից, տեղական և միջազգային կազմակերպություններից։  

ԱՍՀ նախարար Նարեկ Մկրտչյանն իր ելույթում անդրադարձել է համայնքային և Միասնական սոցիալական ծառայության սոցիալական աշխատողների սերտ ու արդյունավետ համագործակցության կարևորությանը․

«Թե՛ համայնքային, թե ՄՍԾ սոցիալական աշխատողների նպատակը պետք է լինի նույնը՝ քաղաքացիների կարիքների ամբողջական գնահատման և անհրաժեշտ սոցիալական ծառայությունների տրամադրման գործընթացն իրականացնել էլ ավելի արդյունավետ ու հասցեական։ «Սոցիալական աջակցության մասին» նոր օրենքի ներկայացումը նպատակ ունի համայնքային սոցիալական աշխատողներին մանրամասնել քաղաքականության հեռանկարները, որոնք հնարավորություն կտան առավել հստակեցնել յուրաքանչյուրիս անելիքը և այն՝ համատեղ։ Եվ այս առումով ուզում եմ առանձնահատուկ շեշտել, որ Միասնական սոցիալական ծառայության 49 տարածքային կենտրոնները միշտ պատրաստ են ակտիվ համագործակցության»,- նշել է նախարարը։

ՏԿե նախարար Գնել Սանոսյանի խոսքով՝ պետությունն այսօր գնում է սոցիալական աշխատողի ինստիտուտը կայացնելու ճանապարհով․ «Հենց այս համատեքստում է նաև նախաձեռնվել համայնքային սոցիալական աշխատողի հաստիքների ստեղծումը համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկերում։ Մշակվել և համայնքներին են տրամադրվել համայնքային սոցիալական աշխատողների պաշտոնների անձնագրերի օրինակելի ձևերը։ Լիահույս ենք, որ այս նախաձեռնությամբ սոցիալական աշխատողը կապող օղակ կդառնա մի կողմից համայնքի, մյուս կողմից՝ տարբեր միջազգային և հասարակական կազմակերպությունների միջև, ինչի շնորհիվ սոցիալական խնդիրները կստանան համապատասխան լուծումներ»,- նշել է նախարար Սանոսյանը:  

Միջոցառման շրջանակում ԱՍՀ նախարարի տեղակալ Աննա Ժամակոչյանն ու ՏԿԵ նախարարի տեղակալ Վաչե Տերտերյանը խոսել են սոցիալական պաշտպանության համակարգում համայնքի առանձնահատուկ լիազորությունների ու  սոցիալական ծառայությունների քաղաքականության առանցքում համայնքի ունեցած դերի մասին։

Ներկաներին ողջունել են նաև ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը, Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրենկ Հեսը և Միջազգային հանրապետական ինստիտուտի ծրագրերի ավագ ղեկավար Արտակ Շաքարյանը։

ՅՈՒՆԻՍԵՖ-ի ներկայացուցիչ Քրիսթինե Վայգանդը նշել է. «Սոցիալական պաշտպանությունը մարդու համընդհանուր իրավունք է և աղքատության նվազեցման նախապայման: Այն նաև չափազանց կարևոր է՝ օգնելու ամենախոցելի երեխաներին հասնել իրենց ողջ ներուժին՝ ապահովելով նրանց համար անհրաժեշտ սնուցման, կրթական և առողջապահական ծառայությունների հասանելիությունը: Հետևաբար, շատ կարևոր է կառուցել սոցիալական աջակցության և ծառայությունների ողջ շղթան համայնքային մակարդակից մինչև ազգային՝ համագործակցության, գործընկերության և ընդհանուր տեսլականի իրական ոգով»:

Հայաստանում ԵՄ պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրենկ Հեսն իր բացման խոսքում ընդգծել է «Եվրամիությունը հանձնառու է երկարաժամկետ դրական ազդեցություն ունենալ Հայաստանի քաղաքացիների բարեկեցության և Հայաստանում սոցիալական պաշտպանության համակարգի բարելավման վրա: Հայաստանում Եվրոպական միության պատվիրակությունը ՅՈՒՆԻՍԵՖ-ի, ՄԱԶԾ-ի և ՊՀԾ-ի հետ համատեղ իրականացվող նախագծի շրջանակում ակտիվորեն աջակցելու է Հայաստանի կառավարությանը՝ սոցիալական պաշտպանության ներառական և ճկուն համակարգ կառուցելու գործում»։

«Միջազգային հանրապետական ինստիտուտը բարձր է գնահատում նախարարության պատրաստակամությունն ու ջանքերը՝ սոցիալական աջակցության մասին նոր օրենքը քննարկելու սոցիալական աշխատողների հետ։ Որպես երեխաների և ընտանիքների առջև ծառացած խնդիրների առաջին արձագանքողներ՝ նրանք առաջինն են, որ պետք է իմանան օրենքի մանրամասները և առաջինն են, որ կարող են առաջարկել անհրաժեշտ փոփոխություններ՝ օրենքն ավելի ներառական և բնակչության կարիքներին ավելի արձագանքող դարձնելու»,- կարևորել է Միջազգային հանրապետական ինստիտուտի ծրագրերի ավագ ղեկավար Արտակ Շաքարյանը:

Քննարկումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով, որի ընթացքում մասնակիցներն իրենց հետաքրքրող հարցերն են ուղղել ինչպես «Սոցիալական աջակցության մասին» օրենքի, այնպես էլ անապահովության գնահատման նոր համակարգի ներդրման վերաբերյալ։

Քննարկումը սոցիալական պաշտպանության բարեփոխումների ԵՄ-ի ֆինանսավորմամբ համատեղ իրականացվող նախաձեռնության շրջանակում նախատեսված բազմաթիվ միջոցառումների շարքում առաջինն էր։ Առաջիկա չորս տարիների ընթացքում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը՝ ՅՈՒՆԻՍԵՖի և գործընկերների շարունակական աջակցությամբ, կշարունակեն իրականացնել բարեփոխումներ՝ կենտրոնանալով քաղաքականության և իրավական դաշտի մշակման, տվյալների հավաքագրման համակարգերի ամրապնդման, սոցիալական ծառայության աշխատուժի շարունակական կարողությունների զարգացման, նոր գործիքների և մոտեցումների մշակման և դրանց փորձարկման վրա՝ հատուկ ուշադրություն դարձնելով Սյունիքի, Գեղարքունիքի և Շիրակի մարզերին։