Նախարար Նարեկ Մկրտչյանը ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևի հետ քննարկել է աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության մանրամասները

0
77

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանն այսօր նախարարությունում ընդունել է ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին։  

Դեսպանի հետ հերթական հանդիպման ընթացքում քննարկվել են աշխատանքի և սոցիալական պաշտպանության ոլորտում համագործակցության ընդլայնմանը, այդ թվում՝ նախատեսվող ոլորտային հուշագրի կնքման մանրամասներին, ձևաչափին, ժամկետներին, հուշագրով նախատեսվող գործողությունների պլանին առնչվող մի շարք հարցեր։

Նախարար Նարեկ Մկրտչյանը բարձր է գնահատել Ղազախստանի հետ երկկողմ հարաբերությունների զարգացմանն ուղղված անհրաժեշտ քայլերի իրականացումը և շնորհակալություն հայտնել նախկինում քննարկված հարցերի ուղղությամբ օպերատիվ աշխատանքներ իրականացնելու համար։ Երկուստեք ընդգծվել է նաև, որ հայ-ղազախական հարաբերություններն առավել զարգացնելու մեծ ներուժ կա։

Բոլատ Իմանբաևի խոսքով՝ Ղազախստանում հետաքրքված են ՀՀ սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացված վերջին բարեփոխումներով, մասնավորապես՝ անկանխիկ գործարքների դեպքում՝ 10 % հետվճարի ծրագրով, «Նորք» տեխնոլոգիաների կենտրոնի կողմից գործարկվող թվային գործիքներով, ինչպես նաև կարիքի գնահատման և աջակցության հատկացման համակարգերում արհեստական բանականության գործիքների կիրառմամբ։ ՀՀ-ում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպանը նշել է, որ ուրախ կլինեն այս ուղղություններով փորձի փոխանակում իրականացնել և դիտարկել դրանց տեղայնացման հարցը Ղազախստանում։

Կողմերը քննարկել են նաև 2023 թվականի հունիսին Աստանայում կայանալիք միջազգային համաժողովին առնչվող մի շարք հարցեր․ անդրադարձ է կատարվել նաև 2022թ. հոկտեմբերին ղազախական կողմի՝ ««Կառավարություն քաղաքացիների համար» պետական կորպորացիա» ոչ առևտրային բաժնետիրական ընկերության և Միասնական սոցիալական ծառայության միջև կենսաթոշակային ապահովության ոլորտում տեղեկատվական փոխգործակցության մասին» համաձայնագրի կնքման առաջարկին։