Կառավարությունը հավանություն տվեց կամավորական աշխատանքի իրականացմանն առնչվող հարաբերությունների կարգավորմանը

0
221

Կամավորության մշակույթի զարգացման ու տարածման համար անհրաժեշտ իրավական հիմքերի ապահովման նպատակով՝ կամավոր աշխատանքի հետ կապված հարաբերություններում կգործեն միասնական կարգավորումներ։ Այսօրվա նիստում նախագիծն արժանացել է Կառավարության հավանությանը։  

Նախագծի ընդունմամբ՝ հնարավորություն է տրվում նպաստել կամավոր աշխատանքի ինստիտուտի և մարդկային կապիտալի զարգացմանը, աշխատանքային փորձառության ձեռքբերմանը, բնականաբար նաև՝ աշխատաշուկայում անձի մրցունակության բարձրացմանը։ Ըստ այդմ, կամավորների համար կամրագրվեն՝

  • կամավոր աշխատանքի մասին պայմանագիր, տեղեկանք, երաշխավորագիր,
  • կամավոր աշխատանքի ժամանակահատվածը` կամավորի համար աշխատանքային փորձառության համարում,
  • ծախսերի հատուցման իրավունք,
  • առողջության և անվտանգության ապահովման երաշխիքներ,
  • ապահովագրության հնարավորություն,
  • կապահովի աշխատաշուկա մուտք գործելու, նոր գիտելիք և մասնագիտական փորձառություն ձեռք բերելու հնարավորություն:

«Կամավոր աշխատանքի մասին» օրենքի ընդունմամբ՝ կապահովվեն նաև «Երիտասարդների անդրազգային երկարաժամկետ կամավորական ծառայության խթանման մասին» Եվրոպական կոնվենցիայով, «Կամավորականությանն աջակցելու» ՄԱԿ-ի հանձնարարագրով, Վերանայված եվրոպական սոցիալական խարտիայի 14-րդ հոդվածի 2-րդ պարբերությամբ նախատեսված միջազգային նորմերի իրականացումը, ինչպես նաև կամրագրվեն ՄԱԿ-ի կայուն զարգացման նպատակների իրացման հարցում կամավորների ներուժի օգտագործման համար իրավական մեխանիզմներ։