0
73

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Ասատրյանը ՀՀ կառավարության մամուլի ասուլիսում ներկայացրեց ՎՊ հաշվետվության վերաբերյալ իր ղեկավարած գերատեսչության դիրքորոշումը: ՀՀ սոցիալական ապահովության ոլորտում Վերահսկիչ պալատի իրականացրած ստուգումները վերաբերում էին երկու ոլորտների` կենսաթոշակների  ու նպաստների համակարգերին և տարեցների ու երեխաների շուրջօրյա խնամքի ծառայություններին:

2012թ. ստուգումները հիմնվել են նախորդ տարիների ստուգումների արդյունքների հետ համեմատական վերլուծության վրա: Պալատն ընդգծել է, որ հատկապես կենսաթոշակների տրամադրման բնագավառում ծավալուն աշխատանքներ են իրականացվել, ինչի արդյունքում առաջընթացը մեծ է:

«Խոշորագույն ու ամենածավալուն աշխատանքը, որ մենք կարողացանք իրականացնել վերջին տարիների ընթացքում, վերաբերում էր կենսաթոշակային համակարգից օգտվող անձանց էլեկտրոնային տեղեկատվական վերջնական շտեմարանի ստեղծմանը: 2012թ. հունիսից կարողացանք զուգահեռ կերպով աշխատեցնել հին և նոր շտեմարանները, իսկ այժմ արդեն գործում է միայն նորը: Արդյունքում` հնարավոր եղավ զգալիորեն ճշտել կենսաթոշակառուների թիվը, ինչի շնորհիվ կենսաթոշակների տրամադրումն իրավամբ դարձել է հասցեական»,-ասաց նախարարը:

Այսպես` 2011թ. կենսաթոշակառուների թիվը 2010թ. համեմատությամբ կրճատվել է 10 հազար 600-ով: Արդյունքում 2011թ. հնարավոր եղավ խնայել մոտ 10.5 մլրդ դրամ: 2012թ.` 2011թ. համեմատությամբ կենսաթոշակառուների թիվը կրճատվեց մոտ 2 հազարով` հնարավորություն տալով խնայել 2.5 մլրդ դրամ: Փաստացի` նոր շտեմարանները հնարավորություն տվեցին պարզել երկրում կենսաթոշակառուների իրական թիվը, ինչը բացառեց չարաշահումների հնարավորությունը. «Արդյունքում հնարավոր եղավ ճշգրտումներ մտցնել նաև պետական բյուջեում: Նվազեցվեցին կենսաթոշակների տրամադրման ծախսերը, սակայն, չնայած դրան, կարողացանք ավելացնել կենսաթոշակները: Ունեցանք մոտ 7 մլրդ դրամի խնայողություն: 2013թ. պետական բյուջեով կենսաթոշակային ծախսերը վերջնականապես հստակ են ու ճշգրիտ:

Արդիականացվում են նաև նպաստների շտեմարանները, դրանք համադրվում են այլ շտեմարանների հետ: Պարոն Ասատրյանը փաստեց` իրականացված աշխատանքների արդյունքում կենսաթոշակների ու նպաստների ոլորտում բոլոր ռիսկերն ու խնդիրները հասցվել են նվազագույնի: Համակարգում ցանկացած փոփոխություն կամ փոփոխության փորձ անմիջապես արտացոլվում է շտեմարաններում: Այս ձեռքբերումներն արձանագրվել են նաև Վերահսկիչ պալատի հաշվետվությունում:

Տարեցների ու երեխաների շուրջօրյա խնամքի իրականացման գործընթացի ստուգումն անց է կացվել երեք տուն-ինտերնատներում և չորս գիշերօթիկ հաստատություններում: Ա. Ասատրյանի խոսքով` արձանագրվել են տարաբնույթ խախտումներ, որոնք հիմնականում վերաբերում են գնումների ընթացակարգերին, պայմանագրերի կնքմանը և այլն. “Այս բոլոր խնդիրների հետ մենք համաձայն ենք: Հիմնական խնդիրները վերաբերում են գնումների գործընթացին տարբեր ՊՈԱԿ-ների կողմից: Դրանցից խուսափելու համար մշակվել է համապատասխան ընթացակարգ, որի շնորհիվ արդեն 2013թ. առաջին եռամսյակում մոտ 1 մլրդ դրամի չափով գնումների գործընթացում ունեցել ենք մոտ 150 մլն դրամի խնայողություն”:

Խնամքի կազմակերպման առումով նույնպես արձանագրվել են թերացումներ, որոնք, նախարարի համոզմամբ, կապված են օրենսդրության տարընթերցման ու տարըմբռնման հետ: Դրանք պահանջում են օրենսդրական լուծումներ:

SHARE
Previous article
Next article