0
186

Ս/թ դեկտեմբերի 3-ին` Հաշմանդամների միջազգային օրը, “Կոնգրես” հյուրանոցի մեծ սրահում տեղի ունեցավ “Մենք բոլորս իրավունք ունենք աշխատելու” խորագրով քարոզարշավի շրջանակներում կազմակերպված մամլո ասուլիս և ֆոտոցուցահանդես: Միջոցառումը կազմակերպվել էր “Սեյվ դը չիլդրեն” կազմակերպության կողմից` ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ իրականացվող “Հաշմանդամություն ունեցող անձանց կենսապայմանների բարելավում զբաղվածության խթանման միջոցով” (LIFE) ծրագրի շրջանակներում:

Ողջույնի խոսքով հանդես եկան ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ  Ասատրյանը, ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Քարեն Հիլիարդը և “Սեյվ դը չիլդրեն” կազմակերպության հայաստանյան ներկայացուցչության տնօրեն Իրինա Սաղոյանը:

Պարոն Ասատրյանն իր խոսքում նշեց,-“Կարևորում եմ այս ծրագիրը և մեր համագործակցությունը դրա շրջանակներում: Համոզված եմ, որ կկարողանանք ավելի արդյունավետ լուծել հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության խնդիրները”:

Նախարարը ներկայացրեց “ՀՀ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և սոցիալական ներառման մասին” նոր օրենքի կարևոր դրույթները, հաշմանդամության նոր մոդելի էությունը, ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի ներդրումից ակնկալվող արդյունքները:

“Սեյվ դը չիլդրեն” կազմակերպության պատասխանատուները ներկայացրեցին ինչպես նշված քարոզարշավի, այնպես էլ LIFE ծրագրի իրականացման առաջին տարվա ընթացքում իրականացված աշխատանքները:

ԱՄՆ ՄԶԳ-ի կողմից ֆինանսավորվող LIFE ծրագիրը (2012-2015թթ.) նպատակ ունի խթանել հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքի հավասար պայմանները և աշխատանքի մատչելիությունը՝ որպես մարդու հիմնարար իրավունք: Ծրագիրն իրականացվում է “Սեյվ դը չիլդրեն” կազմակերպության կողմից՝”Ակտիվա” միջազգային հիմնադրամի, “Ունիսոն” ՀԿ-ի, “Էյջ-Դի-Փի” հիմնադրամի և “Լիարժեք կյանք” ՀԿ-ի հետ համագործակցությամբ: Ծրագիրը սերտորեն համագործակցում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության, “Զբաղվածության պետական ծառայություն” գործակալության, զբաղվածության կենտրոնների, հաշմանդամություն ունեցող անձանց, ՀԿ-ների, տեղական և մարզային իշխանությունների, ծառայություն մատուցողների, միջին մասնագիտական կրթական հաստատությունների և գործատուների հետ:

Քարոզարշավն իրականացվել է 2012թ. նոյեմբեր-դեկտեմբեր ամիսներին, Հայաստանի բոլոր մարզերում` նպատակ ունենալով խթանել հաշմանդամություն ունեցող անձանց (ՀՈՒԱ) զբաղվածության հավասար իրավունքները: Կազմակերպվել են հանրային միջոցառումներ ու կլոր սեղան քննարկումներ, աշխատանքի տոնավաճառներ ու ցուցահանդեսներ, մամլո ասուլիսներ ու մարզային հանձնաժողովների նիստեր, որոնց ակտիվ մասնակցություն են ունեցել դաշտի հիմնական դերակատարներն ու պետական կառավարման մարմինները, գործատուներն ու քաղաքացիական հասարակության ներկայացուցիչները, լրատվամիջոցներն ու հաշմանդամություն ունեցող անձինք:

SHARE
Previous article
Next articleՈՒՂԵՐՁ