Մարդկանց թրաֆիքինգի կամ շահագործման հետ կապված երևույթների կանխարգելման և դրանից բխող խնդիրների արդյունավետ լուծման մեխանիզմների հանրայնացման նպատակով՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն «Ամքոր» հասարակական կազմակերպության և ԱՄՆ ՄԶԳ «Տվյալներ ազդեցության համար» ծրագրի փորձագետների ներգրավմամբ իրականացնում է հանրային իրազեկման աշխատանքներ։
Նախարարության համակարգում գործող ցերեկային և շուրջօրյա խնամքի հաստատությունների աշխատակիցները մասնակցել են թրաֆիքինգի դեմ պայքարի գործողությունների ազգային ծրագրի շրջանակում իրականացվող վերապատրաստման դասընթացին։
Նախարարության մարդկանց թրաֆիքինգի և կանանց հիմնահարցերի բաժնի պետ Սոֆի Բոստանչյանը, կարևորելով թրաֆիքինգի դեմ պայքարում առաջնային օղակի աշխատակիցների հմտությունների և կարողությունների զարգացումը, նշել է, որ իրազեկված լինելուց զատ, անհրաժեշտ է տիրապետել դեպքերի կանխարգելման մեխանիզմներին, գործիքներին, աջակցության տրամադրման գործընթացներին։
Գործընկեր կազմակերպության ներկայացուցիչը մասնակիցներին ներկայացրել է մարդկանց թրաֆիքինգի և շահագործման տեսակները, դրանցից խուսափելու մեխանիզմները, իսկ առնչվելու դեպքում՝ նաև հաղթահարման ուղիները։ Խոսվել է շահագործման հիմնական ցուցիչների, նպաստող գործոնների, թրաֆիքինգի զոհերի նույնացման համակարգի, թրաֆիքինգի աշխատանքային և սեռական շահագործման տեսակների, հարկադիր կամ պարտադիր ձևով իրականացվող աշխատանքներին հավաքագրելու եղանակների մասին։
ԱՄՆ ՄԶԳ «Տվյալներ ազդեցության համար» ծրագրի փորձագետները անդրադարձել են մարդկանց թրաֆիքինգի շահագործման գործընթացում տվյալների հավաքագրման, դեպքերի ճիշտ վարման և ուղղորդման մեխանիզմներին՝ ընդգծելով տվյալ իրավիճակում հայտնված անձին զոհակենտրոն մոտեցում ցուցաբերելու և հասցեական աջակցություն տրամադրելու անհրաժեշտությունը։
Բանախոսի ներկայացմամբ՝ աղքատությունը, գործազրկությունը, գենդերային անհավասարությունը, կրթության անհասանելիությունն ու այլ գործոններ ևս նպաստում են մարդկանց թրաֆիքինգի նկատմամբ խոցելիության հավանականության աճին:
Հանդիպումը շարունակվել է հարցուպատասխան ձևաչափով․ մասնակիցները ներկայացրել են իրենց դիտարկումներն ու առաջարկները։
Դասընթացը կազմակերպվել էր ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ՝ «Տվյալներ ազդեցության համար» ծրագրի շրջանակում։