Նախարարության շուրջօրյա ու ցերեկային խնամքի հաստատությունների երեխաներն ու աշխատակիցները շարունակում են ներկայացնել երեխաների իրավունքները

0
161

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության նախաձեռնությամբ մեկնարկած «Երեխայի իրավունքների վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացում» իրազեկման արշավի շրջանակում՝ ԱՍՀՆ շուրջօրյա ու ցերեկային խնամքի հաստատությունների երեխաներն ու աշխատակիցները շարունակում են իրենց հասակակիցներին ներկայացնել երեխաների իրավունքները։

Միջգերատեսչական համագործակցության շրջանակում իրականացվող միջոցառումները ներառում են դասընթացներ, խմբային աշխատանքներ, ցուցահանդեսներ, ֆիլմի դիտումներ, դերային խաղեր։ Կազմակերպվում են նաև տարբեր հանդիպում-քննարկումներ, ինտելեկտուալ խաղ-մրցույթներ, տիկնիկային ներկայացումներ ու քայլարշավներ։ Նախաձեռնության շրջանակում՝

ԱՍՀՆ Երևանի մանկան տուն ՊՈԱԿ-ում անցկացվել է երեխաների իրավունքների վերաբերյալ դասընթաց-քննարկում, նաև կազմակերպվել հանդիպում՝ Նորք-Մարաշ վարչական շրջանում գործող կրթական հաստատությունների աշխատակազմի հետ,

ԱՍՀՆ Աջափնյակ վարչական շրջանի երեխաների սոցիալական հոգածության կենտրոն ՊՈԱԿ-ում իրականացվել են «Իրավունքներ և պարտականություններ» թեմայով խմբային աշխատանքներ, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իրազեկմանն ուղղված քայլարշավ։ Կազմակերպվել է նաև «Մենք իրազեկ ենք, մենք պաշտպանված ենք» թեմայով էքսպո-ցուցահանդես՝ երեխաների, ծնողների և մասնագետների մասնակցությամբ,

ԱՍՀՆ «Երևանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ում կազմակերպվել է ֆլեշմոբ, ինչպես նաև «Բռնության կանխարգելումը և բացահայտումը» թեմայով դասընթաց՝ ծնող-երեխա իրավունքների իրազեկվածության բարձրացման վերաբերյալ։

ԱՍՀՆ Երևանի Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն ՊՈԱԿ-ում իրականացվել է պարային ֆլեշմոբ, տեղի է ունեցել հանդիպում՝ Երևանի Հակոբ Պարոնյանի անվան թիվ 59 հիմնական դպրոցի աշակերտների և անձնակազմի հետ։ Հանդիպմանը քննարկվել են կրթության հավասար հնարավորությունների և երեխաների կրթական իրավունքների ապահովման վերաբերյալ մի շարք հարցեր։

Իրազեկման արշավի շրջանակում երեխաների իրավունքների վերաբերյալ միջոցառումները շարունակվում են։ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվող նախաձեռնությունը նպատակ ունի ևս մեկ անգամ ընդգծել երեխաների իրավունքների պաշտպանության մեխանիզմների ու դրանց կիրառման վերաբերյալ իրազեկվածության բարձրացման կարևորությունը։