Արաբական Միացյալ Էմիրություններում փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու ԱՄԷ հանդուրժողականության և համակեցության նախարարության միջև

0
77

Կարևորելով սոցիալական պաշտպանության ոլորտում հանդուրժողականության և համակեցության դերն ու այս ուղղությամբ Արաբական Միացյալ Էմիրությունների լավագույն փորձի ուսումնասիրությունը՝ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ու ԱՄԷ հանդուրժողականության և համակեցության նախարարության միջև Արաբական Միացյալ Էմիրություններում մայիսի 10-ին փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել։

Հուշագրի շրջանակում կողմերը պարտավորվել են փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող ոլորտներում իրականացնել անհրաժեշտ աշխատանքներ՝ հանդուրժողականության ու համակեցության արժեքների խթանման, ինչպես նաև փորձի փոխանակման ուղղությամբ։  

Պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղել ջանքերը՝ սոցիալական տարբեր խմբերին (երեխաներ, տարեցներ, հաշմանդամություն ունեցող, կյանքի դժվարին իրավիճակում հայտնված և բռնության ենթարկված անձինք, աշխատանքային միգրանտներ և այլն) ուղղված աշխատանքներում, ինչպես նաև կրթական համակարգում հանդուրժողականության ու մարդկային արժեքների ամրապնդման և մի շարք այլ ուղղություններով։

Կողմերը պարտավորվել են քննարկել համատեղ աշխատանքային հանձնաժողովի (կոմիտե) ձեւավորման հարցը, որը նպատակ ունի մշակել և իրականացնել երկկողմ շահերից բխող ծրագրեր։