ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ԵՌԱԿՈՂՄ ՀԱՆՁՆԱԺՈՂՈՎԻ ՆԻՍՏ

0
96

Դեկտեմբերի 24-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում տեղի ունեցավ հանրապետական եռակողմ հանձնաժողովի հերթական նիստը: Օրակարգում ընդգրկված էր երկու հարց. <<Կամավոր աշխատանքի  մասին>> ՀՀ օրենքի նախագծի քննարկում և ՀՀ աշխատանքի պետական տեսչության 2010թ. գործունեության վերաբերյալ հաշվետվության ներկայացում:

Օրակարգը հաստատելուց հետո առաջին հարցի վերաբերյալ զեկույցով հանդես եկավ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի աշխատանքի և զբաղվածության վարչության պետ Թադևոս Ավետիսյանը: Նա հանգամանորեն ներկայացրեց օրենքի նախագիծը, պատասխանեց ներկաների հարցերին: Քվեարկությամբ հավանություն տրվեց նախագծին:

Օրակարգի երկրորդ հարցը ներկայացրեց ՀՀ աշխատանքի պետական տեսչության պետ Հակոբ Մանուկյանը: Նա նշեց, որ ՀՀ ԱՊՏ-ն 2010թ. ընթացքում ՀՀ օրենքներով, տեսչության կանոնադրությամբ իրեն վերապահված խնդիրները, գործառույթներն ու նպատակներն իրականացրել է տարեկան և կիսամյակային աշխատանքային ծրագրերի հիման վրա, տեսչության կառուցվածքային ստորաբաժանումների և մարզային տարածքային կենտրոնների միջոցով: 11 ամիսների ընթացքում տեսչությունն իրականացրել է 583 ստուգում, որոնց արդյունքում թվով 94 գործատու ենթարկվել է վարչական նախազգուշացման, 492 գործատուի նկատմամբ կիրառվել է տուգանք, հայտնաբերվել է անօրինական աշխատանքի 560 դեպք և այլն: Պարոն Մանուկյանը նկատեց, որ թեև նախորդ տարվա համեմատ ընթացիկ տարում իրականացվել է երկու անգամ պակաս ստուգում, բայց հայտնաբերվել է անօրինական աշխատանքի 138-ով ավել դեպք, իսկ միջինացված ցուցանիշներով մեկ ստուգման արդյունքում կիրառված տուգանքի չափն աճել է 82%-ով: 2010թ. ընթացքում աշխատանքային իրավունքների վերաբերյալ տեսչություն է դիմել 411 քաղաքացի, որոնցից 227-ի աշխատանքային իրավունքները տեսչության միջամտությամբ վերականգնվել են:

Հաշվետվությունն ընդունվեց ի գիտություն: