2011թ. մարտ ամսից կսկսվի կենսաթոշակների անկանխիկ վճարման գործընթացը: Թոշակառուներին տրամադրվող քարտերն արդեն պատրաստ են: Բանկային հաշվի բացումը, սպասարկումը, քարտերի թողարկումն ու տրամադրումը անվճար է, իսկ քարտերի համար տարեկան վարձավճարները բանկերին կփոխանցի պետությունը: Բանկից կենսաթոշակը ստանալու դեպքում համապատասխան պայմանագրում կսահմանվեն կողմերի իրավունքներն ու պարտականությունները:
Կենսաթոշակը կվճարվի անկանխիկ կամ կանխիկ եղանակով` կենսաթոշակառուի դիմումի հիման վրա: Կենսաթոշակառուն իրավունք ունի ցանկացած ժամանակ դիմել սոցիալական ծառայությունների տարածքային բաժին` կենսաթոշակը ստանալու եղանակը կամ բանկը կամ կազմակերպությունը փոխելու համար: Կենսաթոշակը ստանալու եղանակը ընտրելու համար կենսաթոշակառուն դիմում է ներկայացնում ծառայության` իր բնակության վայրի տարածքային բաժին: Դիմումում պետք է ներառվեն կենսաթոշակառուի անունը, ազգանունը, հայրանունը, անձը հաստատող փաստաթղթի սերիան և համարը, սոցիալական ապահովության քարտի կամ սոցիալական քարտ չունենալու մասին տեղեկանքի համարը, կենսաթոշակը ստանալու եղանակը: Սոցիալական ծառայությունների տարածքային բաժինը կունենա կենսաթոշակառուների հաշվառման տեղեկատվական բազա, որտեղ կմուտքագրվի կենսաթոշակը վճարելու եղանակը և նշված մյուս տվյալները: