Իզմիրլյան բարեգործական հիմնադրամը 1,2 մլն դոլար կհատկացնի՝ բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններից դուրս եկող 18 տարեկանից բարձր անձանց համար համայնքային փոքր տներ կառուցելու նպատակով․ նախագծի իրականացման համար Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Իզմիրլյան բարեգործական հիմնադրամի միջև այսօր փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել։
Ծրագրի իրականացումն ուղղված է հաշմանդամություն ունեցող անձանց համար հավասար հնարավորությունների ստեղծմանը, համայնքում ներառվելու համար անհրաժեշտ պայմանների ապահովմանն ու վերջիններիս մուտքը շուրջօրյա խնամքի հաստատություններ կանխարգելմանը։
Ըստ այդմ, հուշագրի շրջանակում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հանձն է առել ֆինանսավորում տրամադրել 10 համայնքային փոքր տների պատշաճ գործունեության ապահովման, մեկ համայնքային փոքր տան վերակառուցման, կահավորման և անհրաժեշտ սարքավորումներով հագեցման համար։ Նախարարությունը պարտավորվել է նաև հինգ շենք տրամադրել՝ համայնքային փոքր տների վերածելու նպատակով նախատեսված վերակառուցման աշխատանքների իրականացման համար։
Համագործակցության շրջանակում Իզմիրլյան բարեգործական հիմնադրամն, իր հերթին, նաև կդիտարկի և կապահովի նախարարության կողմից առաջարկվելիք վերակառուցման աշխատանքների ու կահավորման նախագծերը, տրամադրվելիք սարքավորումների ցանկը և այլն։