0
72

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի ուղերձը Տարեցների միջազգային օրվա կապակցությամբ

Հարգելի բարեկամներ,

Հոկտեմբերի 1-ը ամբողջ աշխարհը տոնում է որպես տարեցների միջազգային օր: Օրվա խորհուրդն իրոք գնահատման, մեծարանքի, հարգանքի տուրք  մատուցելն է այն մարդկանց, ովքեր վաստակել են երջանիկ ծերության իրավունքը:

Հայ ժողովուրդը ընտանիքի մեծի, ընդհանրապես տարեց մարդու նկատմամբ առանձնահատուկ վերաբերմունքը պահպանել է դարերով և մենք պետք է անենք հնարավորը՝ այդ ավանդույթը պահպանելու, ապագա սերունդներին փոխանցելու համար:

Այս օրը նաև հնարավորություն է` մեկ անգամ ևս անդրադառնալու տարեց մարդկանց  խնդիրներին ու գտնելու դրանց լուծման ուղիները: Փոփոխվող աշխարհում փոխվում են նաև տարեցների խնամքի, զբաղվածության, հասակակիցների հետ շփումների, վաստակած հանգստի իրավունքի հանդեպ մոտեցումները:

Որպես աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար ուզում եմ վստահեցնել, որ շարունակելու ենք աշխատանքները ինչպես ընտանիքներում, այնպես էլ պետական հաստատություններում խնամվող  մեր տարեցներին նոր, ավելի բազմազան և հասցեական սոցիալական ծառայություններ մատուցելու, նրանց հասարակության մեջ ինտեգրելու, արժանապատիվ կյանք  ապահովելու ուղղությամբ: Եվ ամենակարևորը՝ չմոռանանք, որ մեր տարեցներն առաջին հերթին ուշադրության, գնահատված լինելու կարիք ունեն և անենք հնարավորը՝ նրանց արժանի վերաբերմունք ցուցաբերելու, հոգատարությամբ, սիրով ու ջերմությամբ շրջապատելու համար:

Սիրելի տատիկներ ու պապիկներ, նախարարության ողջ անձնակազմի և իմ անունից մաղթում եմ ձեզ առողջություն, երջանկություն, վաստակած հանգիստը ձեր զավակների, թոռնիկների հետ վայելելու բերկրանք:

Արտեմ Ասատրյան