0
75

Կարևոր քայլ՝ սահմանամերձ բնակավայրի սոցիալական խնդիրները լուծելու ուղղությամբ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը և ՀՀ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը հանդիսավորությամբ բացեցին սոցիալական ծառայությունների առաջին ինտեգրված կենտրոնը Նոյեմբերյան քաղաքում:

Շնորհավորելով ներկաներին՝ նախարարը նշեց,-<<Մենք նպատակ ենք ունեցել սահմանամերձ Նոյեմբերյանում ունենալ այնպիսի կենտրոն, ինչպիսիք ունենք Երևանում, հանրապետության մյուս վայրերում: Կարևորում եմ, որ մեկ կենտրոնում, մեկ պատուհանի միջոցով մեր քաղաքացիները կստանան արդիական ծառայություններ: Երկրորդ կարևոր նպատակը սոցիալական աշխատողի ինստիտուտի ներդրումն է: Դրամական վճարումների հետ կապված խնդիրներն այսուհետև կատարվելու են ավտոմատացված տեղեկատվական համակարգերի միջոցով, իսկ բազմաշերտ խնդիրներ ունեցող ընտանիքների կարիքների գնահատումն ու դրանց հիման վրա վերականգնողական բոլոր աշխատանքներն իրականացնելու են սոցիալական աշխատողները: Ծրագրի շրջանակներում սոցիալական աշխատողներն անցել են վերապատրաստումներ, կենտրոններին տրամադրվել են նոր տեխնիկական միջոցներ: Գործընթացը լինելու է շարունակական, ամբողջ հանրապետությունում ունենալու ենք 55 նմանատիպ կենտրոններ: Այս կենտրոնը Տավուշի մարզում առաջինն է և մենք պարոն մարզպետի հետ քննարկում ենք մարզի մյուս տարածաշրջաններում նման կենտրոնների բացման հնարավորությունը>>:

Պարոն Ղուլարյանը շնորհակալություն հայտնեց ժամանակակից, վերանորոգված և վերազինված կենտրոնի համար և ավելացրեց,-<<Ինտեգրված սոցիալական ծառայությունների նոր կենտրոնն ապահովելու է ծառայությունների  նոր որակ  և սպասարկման նոր աստիճան: Կարևորում եմ, որ այն բացվեց սահմանամերձ տարածաշրջանում, սկսում ենք ոչ թե մարզկենտրոնից, այլ Նոյեմբերյանից, որտեղ սոցիալական խնդիրներով շատ ավելի մեծ թվով մարդիկ են դիմում: Շնորհակալ եմ համատեղ, արդյունավետ աշխատանքի համար և պատրաստ եմ համագործակցության՝ մարզի մյուս տարածաշրջաններում ևս նման կենտրոններ ստեղծու համար>>:

Բացման արարողությանից հետո նախարարը և մարզպետը  հանդիպեցին համայնքների, սոցիալական ծառայությունների, մարզում գործող հասարակական կազմակերպությունների ղեկավարների, մարզպետարանի աշխատակիցների հետ:

Դիմելով ներկաներին՝  պարոն Ասատրյանը նշեց,-<<Մենք կարևոր գործընթացի սկիզբն ենք դնում միասին. կենտրոնի բացումն առաջին քայլն է: Սոցիալական պաշտպանության ոլորտում մենք ընդհանուր բարեփոխումներ ենք իրականացնում, և իմ ցանկությունն էր՝ ձեզ հետ քննարկել առկա բոլոր խնդիրները, լսել ձեր մտահոգություններն ու առաջարկությունները, պատասխանել ձեր հարցերին: Դրա համար ենք ընտրել այս ձևաչափը և եկել ենք այս կազմով՝  նախարարի առաջին տեղակալ, նախարարության առանձնացված և կառուցվածքային ստորաբաժանումների ղեկավարներ>>:

Նախարարը մանրամասնորեն ներկայացրեց ինտեգրված ծառայությունների գաղափարախոսության, նպատակների, տեղերում սոցիալական ծառայություններ մատուցող պետական և հասարակական կառույցների համագործակցության, սոցիալական աշխատանքի, սոցիալական աշխատողի ինստիտուտի կայացման  ուղիների վերաբերյալ իր մոտեցումները:

Ներկաների հարցերին նախարարը և ոլորտների պատասխանատուները տրվեցին պատասխաններ, պարզաբանումներ:

Ինտեգրված սոցիալական ծառայությունների  կենտրոնների ձևավորումը՝ համագործակցության լայն հնարավորություններով, քաղաքացիների սոցիալական խնդիրների լուծման նոր մոտեցումներով և աշխատաոճով հույս է ներշնչում, որ այսուհետ ծառայությունները կդառնան ավելի մարդակենտրոն և հասցեական: Դրա համար ստեղծված են անհրաժեշտ բոլոր պայմանները: Գործընթացն անդառնալի է և շարունակական: