Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանի նախագահությամբ՝ այսօր տեղի է ունեցել Կանանց հարցերով խորհրդին կից աշխատանքային խմբի նիստը։
Հանդիպման ընթացքում ամփոփվել են գենդերային քաղաքականության ոլորտում 2022 թվականին իրականացված աշխատանքները, քննարկվել են նաև Գենդերային քաղաքականության իրականացման գործող (2019-2023 թթ․) ու նոր մշակվող (2024-2026 թթ.) ռազմավարություններին առնչվող մի շարք հարցեր։
Անդրադառնալով Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվող բարեփոխումներին և առաջնահերթություններին՝ նախարարի տեղակալը նշել է, որ գենդերային քաղաքականության ոլորտում նախատեսված միջոցառումներն իրականացվում են Կառավարության հնգամյա ծրագրին և գործող «Հայաստանի Հանրապետությունում գենդերային քաղաքականության իրականացման 2019-2023 թթ․ ռազմավարությանը և միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» որոշմամբ սահմանված գործողություններին համապատասխան։
Ընդգծելով ընտանիքում բռնության ենթարկված անձանց տրամադրվող ծառայությունների որակի բարձրացման կարևորությունը՝ Տաթևիկ Ստեփանյանը նշել է, որ նախարարությունը շարունակում է անհրաժեշտ աշխատանքներ իրականացնել վերջիններիս սոցիալական վերաինտեգրման ու սեփական կյանքի ինքնուրույն կազմակերպմանն ուղղված մեխանիզմների ներդրման ուղղությամբ։ Բանախոսը նաև առաջնահերթ է համարել ընտանիքում բռնության ենթարկված անձանց մատուցվող ծառայությունների շրջանակի ընդլայնումը, մասնավորապես՝ ընդգծելով կանանց տնտեսական զորեղացման ուղղությամբ իրականացվող ծրագրերի դերը։
Նիստի ընթացքում անդրադարձ է կատարվել նաև նոր մշակվող գենդերային ռազմավարությանն ուղղված աշխատանքներին․ փորձագետների կողմից ներկայացվել է նոր մշակվող փաստաթղթի մեթոդաբանությունն ու քննարկում ծավալվել գերակա ուղղությունների սահմանման շուրջ։
Հանդիպումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով, որի շրջանակում ներկաները բարձրաձայնել են իրենց հետաքրքրող հարցերը, հանդես եկել առաջարկներով ու դիտարկումներով։