Երեխաների խնամքի և պաշտպանության, ընտանիքում բռնության ենթարկված անձանց, մարդկանց թրաֆիքինգի դեմ պայքարի և շահագործման ոլորտներում պատվիրակված ծառայություններ մատուցող հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչները մասնակցել են երկօրյա վերապատրաստման դասընթացի։
Դասընթացի նպատակն է բարձրացնել մարդկանց թրաֆիքինգի և շահագործման հետ կապված երևույթների կանխարգելման և դրանից բխող խնդիրների արդյունավետ լուծման մեխանիզմների իրազեկման մակարդակը։
Հանդիպման ընթացքում բանախոսներն ընդգծել են մարդկանց թրաֆիքինգի և շահագործման դեմ պայքարում պետության և հասարակական հատվածի ներուժի համախմբման, ինչպես նաև մասնագետների կարողությունների ու հմտությունների զարգացման կարևորությունը։
Վերապատրաստման ընթացքում «Մարդու թրաֆիքինգի կամ շահագործման բնութագիրը և թրաֆիքինգի կամ շահագործման ենթարկված անձանց պաշտպանությունն ու աջակցությունը» մշակված մոդուլի հիման վրա շուրջ 30 մասնակից ծանոթացել է երեխայի կամ անօգնական վիճակում գտնվող անձի թրաֆիքինգի կամ շահագործման երևույթի առանձնահատկություններին, զոհերի վերաբերյալ տվյալների կառավարման և հավաքագրման գործիքներին, մարդու թրաֆիքինգի կամ շահագործման զոհերի ուղղորդման ու նրանց տրամադրվող սոցիալական աջակցության տեսակներին։
Անդրադարձ է կատարվել են նաև մարդկանց թրաֆիքինգի շահագործման գործընթացում դեպքերի ճիշտ վարման և ուղղորդման մեխանիզմներին՝ շեշտելով տվյալ իրավիճակում հայտնված անձին զոհակենտրոն մոտեցում ցուցաբերելու և հասցեական աջակցություն տրամադրելու անհրաժեշտությունը։
Հանդիպումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով․ մասնակիցները ներկայացրել են գործնականում ի հայտ եկած դեպքերը, քննարկել և առաջարկել լուծումներ։
Վերապատրաստումը կազմակերպվել էր «Սեռական բռնության ճգնաժամային կենտրոն» հասարակական կազմակերպության կողմից՝ ԱՄՆ պետքարտուղարության ֆինանսավորմամբ «Միասին ընդդեմ մարդկանց թրաֆիքինգի» ծրագրի և Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և «Վորլդ վիժն ինթերնեյշընլ» միջազգային բարեգործական կազմակերպության հայաստանյան մասնաճյուղի միջև կնքված հուշագրի շրջանակում։