Քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտում իրականացված աշխատանքները

0
92

Գործադիր և օրենսդիր մարմինների, ինչպես նաև ոլորտային հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների մասնակցությամբ այսօր քննարկվել են հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտում վերջին երկու տարիների ընթացքում իրականացված աշխատանքները։

Համաժողովի օրակարգում ներառված են եղել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների վերաբերյալ իրազեկվածության մակարդակի բարձրացմանը, վերջիններիս զբաղվածության ապահովմանն ուղղված մի շարք հարցեր։

Իր ելույթում ԱՍՀ նախարարի տեղակալ Տաթևիկ Ստեփանյանն անդրադարձել է հաշմանդամություն ունեցող անձանց հիմնահարցերի ոլորտում Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից իրականացվող բարեփոխումներին ու ծրագրերին՝ խոսելով նաև սահմանված առաջնահերթությունների մասին։ Այս համատեքստում նախարարի տեղակալն ընդգծել է Անձի ֆունկցիոնալության գնահատման համակարգի ներդնման կարևորությունը, որի շրջանակում յուրաքանչյուր անձի՝ իր կարիքին համապատասխան անհատական ծառայություններ կտրամադրվեն։ 

«Իրականացվող բարեփոխումների առանցքային գաղափարախոսությունը հասարակական կյանքի բոլոր ոլորտներում հաշմանդամություն ունեցող անձանց մասնակցությունը խթանելն ու վերջիններիս համար հավասար հնարավորություններ ապահովելն է։ Եվ մենք պետք է վերջիններիս կարողությունները զարգացնելով և անհրաժեշտ հնարավորություններ տրամադրելով՝ կարողանանք ըստ կարիքի տրամադրել բոլոր հնարավոր ծառայությունները»,– նշել է Տաթևիկ Ստեփանյանը։  

ԱԺ պատգամավոր Զարուհի Բաթոյանը ևս շեշտել է ոլորտում օրենսդրական բարեփոխումների դերը՝ ընդգծելով «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» և «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքների ընդունման կարևորությունը։ Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության և նրանց՝ երկրի հասարակական կյանքին լիարժեք մասնակից դարձնելու գործում պատգամավորը կարևորել է նաև միջազգային և ՀՀ-ում գործող հասարակական կազմակերպությունների դերը, որոնք անհրաժեշտ աջակցությունից զատ՝ նաև աշխատանքներ են իրականացնում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների վերաբերյալ իրազեկվածության բարձրացման ուղղությամբ։

Համաժողովի ընթացքում Հայաստանում Եվրոպական միության պատվիրակության համագործակցության բաժնի ղեկավար Ֆրանկ Հեսսը ևս կարևորել է հաշմանդամություն ունեցող անձանց համար մատչելի պայմանների ստեղծման, խտրական դրսևորումների վերացման, ինչպես նաև վերջիններիս կյանքի որակի բարելավմանն ուղղված համատեղ աշխատանքների դերը։ 

Ծրագիրն իրականացվում է «Ագաթ» հաշմանդամություն ունեցող կանանց իրավունքների պաշտպանության կենտրոն ՀԿ-ի կողմից՝ ի դեմ Ներառական իրավական բարեփոխումների կոալիցիայի։