Տեղի է ունեցել հաշմանդամություն ունեցող անձանց ազգային երաժշտության «Ճախրուկ» ամենամյա միջազգային 3-րդ փառատոնը

0
115

Գյումրիում կայացել է հաշմանդամություն ունեցող անձանց ազգային երաժշտության «Ճախրուկ» ամենամյա միջազգային 3-րդ փառատոնը։

«Խարբերդի մասնագիտացված մանկատանը» գործող «Ճախրուկ» էթնո երաժշտախմբից բացի, երաժշտական կատարումներով հանդես են եկել նաև «Գյումրու երեխաների տուն», «Ձորակ» հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց խնամքի կենտրոն», «Մարի Իզմիրլյանի անվան մանկատուն», «Գավառի մանկատուն» ՊՈԱԿ-ների և այլ հատուկ կրթահամալիրների սաները, Գյումրու ժող․ գործիքների պետական նվագախումբը, ինչպես նաև արտերկրից ժամանած երաժշտական խմբեր։ Միջոցառմանը ներկա են եղել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը, Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանը և այլք։

Փառատոնի ընթացքում նախարար Նարեկ Մկրտչյանն իր ելույթում կարևորել է հաշմանդամություն ունեցող կարողությունների ու կյանքի հիմնական հմտությունների զարգացմանն ուղղված աշխատանքների անհրաժեշտությունը։ Նախարարը բարձր է գնահատել նաև փառատոնի հիմնադիրներ՝ Աննա և Անահիտ Մխիթարյանների դերը ինչպես «Ճախրուկի» գործունեության, այնպես էլ խնամքի մյուս հաստատություններում ազգային և հոգևոր երաժշտության ուսուցանման գործում․

«Փառատոնի այս տարվա՝ «Ֆիզիկական հնարավորությունները ոչինչ են, եթե չունես հոգու թռիչք» գաղափարախոսությունը, կարծում եմ՝ լավագույնս է բնութագրում միջոցառման խորհուրդը։ Նման նախաձեռնություններն անչափ կարևոր են երեխաների ինքնարտահայտման, ինքնիրացման ու սեփական ուժերին հավատալու տեսանկյունից։ Կարևոր է նաև այն, որ Ճախրուկցիներն իրենց օրինակով ոգևորում ու ոգեշնչում են խնամքի այլ հաստատություններում բնակվող իրենց հասակակիցներին»,- նշել է նախարարը։

Ամենամյա միջազգային 3–րդ փառատոնին այս տարի միացել է նաև Akneye նախաձեռնությունը, որը միջոցառման բոլոր մասնակիցներին հնարավորություն է տվել նկարել Akneye-ի խորհրդանշական աչքի վրա, որից առաջիկայում կստեղծվի քանդակի NFT տարբերակը և բարեգործական նպատակով կներկայացվի վաճառքի։

Միջոցառման ավարտին բարեխիղճ և նվիրյալ աշխատանքի համար «Ճախրուկ» խորհրդանիշներով են պարգևատրվել «Գյումրու երեխաների տուն» ՊՈԱԿ–ի բժիշկ–վերականգնողաբան Էդուարդ Ալագյոզյանը, մանկաբույժ Ռուզաննա Ավագյանը, «Խարբերդի մասնագիտացված մանկատան» բժիշկ ամուսիններ Գագիկ Բաբախանյանը և Հասմիկ Բարեղամյանը։