Սահմանամերձ գյուղական բնակավայրերում բնակապահովության պետական աջակցության ծրագրի հանրային իրազեկման աշխատանքների շրջանակում՝ Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը շարունակում է իրականացնել քաղաքացիների հետ հանդիպումներ՝ հանրապետության տարբեր մարզերում։
Հերթական հանդիպումը տեղի է ունեցել Միասնական սոցիալական ծառայության Եղեգնաձորի տարածքային կենտրոնում՝ միջոցառմամբ հետաքրքրված քաղաքացիների, համայնքապետարանների ներկայացուցիչների, Միասնական սոցիալական ծառայության աշխատակիցների մասնակցությամբ՝ Արենի, Խաչիկ, Վայք և Եղեգնաձոր բնակավայրերից։
ԱՍՀ նախարարության ԿՍԱԳՀ խորհրդական Գայանե Ղարազյոզյանը ներկայացրել է ծրագրին առնչվող մի շարք մանրամասներ, մասնավորապես՝ անդրադարձել միջոցառման շրջանակում իրականացված փոփոխություններին, շահառուների շրջանակին, ծրագրին դիմելու ընթացակարգին, տրամադրվող աջակցության փուլերին։
Քննարկումը շարունակվել է հարցուպատասխանի ձևաչափով, որի շրջանակում ներկաները բարձրաձայնել են իրենց հետաքրքրող հարցերը։
Հիշեցնենք, որ ծրագրի շրջանակում քաղաքացիները կարող են սահմանամերձ գյուղական բնակավայրերում կառուցել իրենց սեփական տունը՝ պետության ֆինանսավորմամբ։
Միջոցառման շահառուներն են՝ ՀՀ քաղաքացիական կացության ակտերի պետական գրանցում իրականացնող մարմիններում գրանցված ամուսինները, որոնցից առնվազն մեկն ունի Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն (առանց տարիքային սահմանափակման և անկախ երեխա ունենալու հանգամանքից)։
Աջակցությունը տրամադրվում է հիփոթեքային վարկի մայր գումարի մինչև 16 մլն դրամի և դրա գծով մինչև 13% տոկոսագումարի չափով մարման համար։ Միջոցառման շրջանակում գործընկեր բանկերն են՝ Կոնվերս Բանկ, Էվոկաբանկ, ԱԿԲԱ բանկ, Յունիբանկ, ՖԻՆՔԱ։