Նոր սկիզբ՝ կայուն հիմքի վրա
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Ասատրյանն այսօր մասնակցեց <<Կենսաթոշակային բարեփոխումների իրականացման ծրագրի>> բացման արարողությանը:
Ծրագիրն աջակցելու է նախարարությանը երկու հիմնական՝ նոր, բազմաստիճան կենսաթոշակային և ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգերի ներդրման ուղղություններով: Իրականացվելու է մասնագիտական և կառուցվածքային կարողությունների գնահատում, վարչարարության բարելավում, նոր տեղեկատվական տեխնոլոգիաների մեխանիզմերի ներդրում և այլն:
<<Սկսում ենք նոր ծրագիր՝ կենսաթոշակային բարեփոխումների շարունակականությունն ապահովելու համար: Արդեն իսկ կարող ենք արձանագրել, որ ծրագրի գործունեության համար ընտրված են ճիշտ ուղղություններ, մեթոդոլոգիան հստակեցված է: Նախապատրաստական շրջանի արդյունքները հույս են ներշնչում, որ մեր ակնկալիքները լիովին արդարացվելու են: Այս ծրագիրը, շարունակելով նախորդների ավանդույթները, թույլ է տալու ապահովել կենսաթոշակային բազմաստիճան համակարգի զարգացումը, կարողությունների հզորացումը: Վստահ եմ, որ իրականացվելիք աշխատանքները, մասնավորապես՝ կենսաթոշակային ոլորտում կատարվող վերլուծությունները թույլ են տալու կայացնել ճիշտ որոշումներ, արձանագրել ավելի առարկայական արդյունքներ: Շարունակելու ենք աշխատանքները նաև ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի կայացման ուղղությամբ: Մաղթում եմ ծրագրին բեղմնավոր աշխատանք, և վստահ եմ, որ համատեղ ջանքերով ստեղծելու ենք կայուն, գործող կենսաթոշակային համակարգ և նոր, արդի պահանջներին բավարարող ինտեգրված սոցիալական ծառայություններ >>,-նշեց պարոն Ասատրյանը:
Նախարարը շնորհակալություն հայտնեց ԱՄՆ ՄԶԳ-ին՝ բարեփոխումների գործընթացին շարունակական աջակցություն ցուցաբերելու համար: