2023 թ․ ընթացքում արդեն իսկ 2753 քաղաքացի մշակել է իր հողատարածքը՝ պետության աջակցությամբ

0
129

2753 քաղաքացի այս տարվա ընթացքում մշակել է իր հողատարածքը՝ պետության աջակցությամբ՝ օգտվելով «Սեզոնային զբաղվածության խթանման միջոցով գյուղացիական տնտեսությանն աջակցության տրամադրում» զբաղվածության ծրագրից։

Դիմումների ընդունման գործընթացը շարունակվում է․ ծրագրից օգտվելու համար անհրաժեշտ է որպես գործազուրկ հաշվառվել Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության Միասնական սոցիալական ծառայության տարածքային կենտրոններում՝ ներկայացնելով հողի սեփականատեր կամ վարձակալ, կամ անհատույց օգտագործող հանդիսանալը հավաստող համապատասխան փաստաթղթեր։

Միջոցառման շահառու կարող են դառնալ այն քաղաքացիները, որոնք աշխատաշուկայում անմրցունակ գործազուրկ անձինք են և ունեն մինչև 3 հեկտար գյուղատնտեսական նշանակության հող (կամ սեփականատեր են, կամ վարձակալ, կամ անհատույց օգտագործող)։

Քաղաքացին ծրագրին կարող է մասնակցել առավելագույնը 180 օր․ միջոցառման շրջանակում, ըստ կատարված աշխատանքի ծավալի, աջակցությունը կարող է կազմել 50,000- 350,000 դրամ։  

Ծրագրում ներառված մեկ անձին մեկ օրվա աշխատանքի դիմաց վճարվում է 4,000 դրամ։ Միջոցառմամբ նախատեսված աշխատանքներում գյուղատնտեսական տեխնիկայի օգտագործման դեպքում հողօգտագործողին տրվում է մեկ ժամվա համար 5,000 դրամ:

Ծրագրից չեն կարող օգտվել գյուղատնտեսության ոլորտում վարկերի տոկոսադրույքների սուբսիդավորմամբ իրականացվող պետական աջակցության ծրագրերում ընդգրկված քաղաքացիները։