ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը հունվարի 23-ին հանդիպել է Բժշկասոցիալական փորձաքննության համար պատասխանատու՝ նախարարության, գործակալության կենտրոնական ապարատի և տարածքային բաժինների ներկայացուցիչների հետ:
Ներկայացնելով բժշկասոցիալական փորձաքննությունների իրականացման ժամանակավոր կարգը՝ նախարար Արտեմ Ասատրյանը նշել է, որ բազմաթիվ քաղաքացիների փորձաքննության իրավունքի իրացումն ապահովելու և այս ընթացքում կուտակումները նվազեցնելու համար, որոշակի ճշգրտված ձևաչափով, հունվարի 23-ից մարտի 20-ը կիրականացվի քաղաքացիների բժշկասոցիալական փորձաքննություն:
«Անցումային փուլում 27 տարածքայիններից կձևավորվեն 18-ը` վերանայելով սպասարկման տարածքները, մասնագիտական կազմը, փորձաքննությունների ժամանակացույցը: Յուրաքանչյուր հանձնաժողովի գործունեության համար վերադաս մարմնից կնշանակվեն պատասխանատուներ, ովքեր հանձնաժողովի յուրաքանչյուր անդամի հետ միասին անձնական պատասխանատվություն կկրեն յուրաքանչյուր կայացված որոշման համար»,- նշել է նախարարը:
Քաղաքացիների հետ շփման համատեքստում, նախարարը ընդգծել է, որ աշխատանքը գնահատելիս՝ քաղաքացիների հետ վարվեցողությունը համարվելու է ոչ պակաս կարևոր գործոն, քան որոշման ճշգրիտ կայացումը: «Այն պաշտոնատար անձինք, ովքեր քաղաքացիների հետ իրենց շփումներում որևէ կերպ թույլ կտան սոցիալական աշխատողին ոչ հարիր վարվեցողություն՝ կկրեն ամենախստագույն պատիժը, որը կարող է սահմանված լինել նման դեպքերի համար»,- շեշտել է Արտեմ Ասատրյանը:
Անդրադառնալով փորձաքննության ընթացքին, նախարարը տարածքային բաժինների ներկայացուցիչներին կոչ է արել խստորեն կիրառել սահմանված չափորոշիչները և քաղաքացիներին հանգամանալից բացատրել ընդունված որոշման օբյեկտիվ հիմքերը՝ միաժամանակ ապահովելով քաղաքացու կարգավիճակին համապատասխան ծառայությունների տրամադրումը:
«Մենք անցում ենք կատարում հաշմանդամության սոցիալական մոդելին, որտեղ բացառվում է հաշմանդամության կարգավիճակ ունեցող անձին «ամեն ինչ», իսկ համապատասխան կարգավիճակ չունեցողին՝ «ոչինչ» սկզբունքը: Յուրաքանչյուր քաղաքացի, իր կարիքին համապատասխան, ստանալու է ծառայությունների փաթեթ, որն էլ հանդիսանալու է կոռուպցիոն դրսևորումները հնարավորինս բացառելուն ուղղված հիմնական քայլերից մեկը»,- ասել է նախարարը՝ միաժամանակ կարևորելով, որ հաշմանդամության սահմանման ողջ գործընթացում հստակ պետք է տարանջատվի «հաշմանդամություն ունենալն» ու «հիվանդ լինելը»:
«Մենք աշխատելու ենք արտակարգ ռեժիմով, այն անձինք, ովքեր պատրաստ չեն այդ աշխատանքին չեն աշխատելու: Զուգահեռաբար մենք կադրերի բանկ ենք ձևավորում, կան տրված հանձնարարականներ, ունենք նաև պայմանավորվածություններ Սանկտ Պետերբուրգի համապատասխան ինստիտուտի հետ, և համապատասխան մասնագետների միջոցով իրականացվելու են բժիշկ-փորձագետների շարունակական ուսուցում և վերապատրաստումներ»,- նշել է նախարարը:
Հանդիպման ընթացքում ոլորտը համակարգող նախարարի տեղակալին և մյուս պատասխանատուներին տրվել է խիստ հանձնարարական՝ գործընթացը վերցնել ամենօրյա հսկողության տակ և շաբաթը մեկ անգամ զեկուցել աշխատանքների ընթացքի, խնդիրների և դրանց լուծման արդյունքների մասին:
«Շուրջ 75 000 քաղաքացի սպասարկող բժշկասոցիալական փորձաքննական համակարգում էվոլյուցիոն ճանապարհով իրականացվող փոփոխությունները դեռևս հեռու են ցանկալի արդյունքից: Այս իսկ պատճառով բժշկասոցիալական փորձաքննության համակարգում արմատական փոփոխությունները այլևս անհրաժեշտություն են»,- ամփոփելով՝ ընդգծել է նախարար Արտեմ Ասատրյանը: