Շիրակի մարզում կստեղծվի թվով 3-րդ բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովը

0
122

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ներկայացմամբ ՀՀ կառավարության 29.01.2016թ. նիստում հավանության է արժանացել ՀՀ բժշկասոցիալական փորձաքննության գործակալության կազմում բժշկասոցիալական փորձաքննական մանկական մասնագիտացված հանձնաժողով և Շիրակի մարզի N3 ԲՍՓ հանձնաժողով ստեղծելու և ՀՀ կառավարության 2002թ. նոյեմբերի  14-ի N 1822-Ն որոշման մեջ լրացումներ կատարելու մասին  որոշման նախագիծը:

Նախագծի համաձայն Շիրակի մարզում կստեղծվի թվով երրորդ նոր բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողով, որը էապես կթեթևացնի Շիրակի մարզի թիվ 1 և թիվ 2 բժշկասոցիալական փորձաքննական հանձնաժողովների ծանրաբեռնվածությունը, կնվազեցնի բժշկասոցիալական փորձաքննություն անցնող անձանց անհարկի հերթերը, կբարձրացնի փորձաքննությունների որակը:

Բժշկասոցիալական փորձաքննության ոլորտում մատուցվող մանկական ծառայությունների որակի և արդյունավետության բարձրացման նպատակով նույն նախագծով առաջարկվում է Երևանում ստեղծել նոր բժշկասոցիալական փորձաքննական մանկական մասնագիտացված հանձնաժողով, այն կիրականացնի մինչև 18 տարեկան երեխաների փորձաքննությունները ամբողջ հանրապետության տարածքում:

ՀՀ-ում նախատեսվում է անցնել ֆունկցիաների միջազգային դասակարգման սկզբունքների վրա հիմնված հաշմանդամության սահմանման մոդելին, ինչը հնարավորություն կտա ավելի համապարփակ գնահատել շահառուի կարիքները և առաջարկել թիրախավորված վերկանգնման ու ներառման միջոցառումներ: Նման մոդելի ներդրումը շատ կարևոր է հատկապես մանկական տարիքում ժամանակին երեխաների կարիքները գնահատելու և դրանց սպասարկման ուղղությամբ միջոցառումներ ձեռնարկելու, տարբեր տեսակի վերականգնողական ծառայություններ մատուցելու և բարձր արդյունավետությամբ վերականգնում իրականացնելու համար, ինչպես նաև երեխաների պարագայում ընտանիքը և համայնքը ավելի մեծ աջակցություն կարող են ցուցաբերել հետագա վերականգնման ընթացքին:

Այս ոլորտում առկա է բավական մեծ հետաքրքրություն նաև միջազգային կազմակերպությունների կողմից մանկական հաշմանդամության կանխարգելման և հաշմանդամության վերականգնման նկատմամբ, ինչը նույնպես կարևորում է հաշմանդամության վերաբերյալ որոշում ընդունող կառույցում մանկական մասնագիտացված հանձնաժողովի առկայությունը: