Հ. Ժամկոչյանը դիմել էր իրեն արտոնյալ կենսաթոշակ նշանակելու խնդրանքով: Տիկին Ժամկոչյանի հետ զրույցից պարզվեց, որ նա սցենարիստ է, մանկագիր, չի աշխատել արտոնյալ պայմաններով կենսաթոշակի իրավունք տված ցանկերում նշված մասնագիտական աշխատանքներում կամ պաշտոններում: Պարոն Ասատրյանը պարզաբանեց, որ նրան արտոնյալ կենսաթոշակ նշանակվել չի կարող, առաջարկեց դիմել սոցիալական ծառայությունների տարածքային բաժին՝ փաստագրվելու և հնարավոր սոցիալական օժանդակություն ստանալու նպատակով: Նախարարը հանձնարարեց համապատասխան ստորաբաժանման ղեկավարին՝ հարցը վերցնել հսկողության տակ, համակողմանիորեն ուսումնասիրել խնդիրը և աջակցել տ. Ժամկոչյանին:
Երկրորդ քաղաքացին Երևան, Ռայնիսի փ. բնակիչ 84-ամյա Դ.Փաշինյանն էր, ով ապրում է իր տղայի և չափահաս թոռնուհու հետ, նախկինում եղել է նպաստառու, սակայն ներկայումս զրկվել է այդ իրավունքից:
Խնդիրն այն է, որ համատեղ բնակվող տղան անհատ ձեռներեց է, ունի առևտրի կրպակ, իսկ ընտանիքի անդամներից որևէ մեկի անհատական ձեռներեցությամբ զբաղվելը զրոյացնում է ընտանիքի անապահովության միավորը և զրկում նպաստի իրավունքից: Նկատի ունենալով Դ.Փաշինյանի սոցիալական վիճակը, տարիքը՝ նախարարը հանձնարարեց կապվել նրա բնակության սոցիալական ծառայությունների տարածքային բաժնի հետ, մեկ անգամ ևս տունայցի միջոցով գնահատել ընտանիքի սոցիալական վիճակը և առաջարկել աջակցության հնարավոր տարբերակներ: Հանձնարարական տրվեց նաև զբաղվածության գործակալության տարածքային կենտրոնին՝ զբաղվել Փաշինյանի միջնակարգ կրթություն ունեցող թոռնուհու մասնագիտական ուսուցման և աշխատանքի տեղավորման հարցերով, ինչը շնորհակալությամբ ընդունվեց այցելուի կողմից: Հանձնարարականը կատարելու համար նախարարը համապատասխան ստորաբաժանումներին տվեց մեկ շաբաթ ժամանակ: