Արտեմ Ասատրյան. Երջանկությունը կյանքում ճիշտ տեղդ գտնելն է

0
150

Ծնվել է 1972 թ., մայիսի 23, Երեւանում:

1989-1994 թթ. սովորել է Երեւանի ժողովրդական տնտեսության ինստիտուտի էկոնոմիկայի պետական կարգավորում ֆակուլտետում:

1995 -1997 թթ. կրթություն է ստացել ՀՀ կառավարման դպրոցում:

2000 թ. եղել է ՀՀ կառավարման դպրոցի ասպիրանտ, տնտեսագիտության թեկնածու է:

1998 թ.–ին ՀՀ կենսաթոշակային եւ զբաղվածության հիմնադրամի կենսաթոշակային ապահովագրության վարչության նպաստների բաժնի պետ է նշանակվել:

1998-2007 թթ. տարբեր պաշտոններ է զբաղեցրել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում, իսկ 2007-2011 թթ. եղել է ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ:

2011 թ.-ին նշանակվել է ԱՍՀՆ սոցիալական ապահովության պետական ծառայության պետ, ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի տեղակալ:

2012 թ.-ից  ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարն է:


Գիտական եւ հետազոտական աշխատությունների հեղինակ է: Մասնագիտական վերապատրաստումներ է անցել Շվեդիայի միջազգային զարգացման գործակալությունում, Համաշխարհային բանկի ինստիտուտում,  Հարվարդի համալսարանում եւ այլն: 


Ամուսնացած է, ունի երեք զավակ:

-Դպրոցը ոսկե մեդալով եք ավարտել: Դասընկերների հետ հարաբերություններն ինչպիսի՞ն էին, օգնո՞ւմ էիք նրանց:

– Շատ լավ հարաբերությունների մեջ էի ընկերներիս հետ: Իհարկե, լավ սովորելով որոշակիորեն տարբերվում ես մյուսներից: Մեր դասարանում երեք գերազանց ավարտած ենք ունեցել, բայց ես ընկերություն էի անում մեր դասարանի ամենաչար ու ամենածույլ աշակերտի հետ: Շատ համերաշխ, լավ դասարան էր: Մինչեւ հիմա մտերմությունը շարունակվում է, սակայն  ժամանակի սղության  պատճառով հազվադեպ ենք հանդիպում:

Դասընկերներիս օգնելը որպես կանոն է եղել, որովհետեւ միշտ սիրել եմ օգնել կողքինիս, ընդհանրապես որեւէ անձի լավություն անելը շատ մարդկային է: Երբ դու օգնում ես ուրիշին, հոգեւոր առումով մեծ սնունդ ես ստանում:

– Ինչո՞ւ ընտրեցիք տնտեսագետի մասնագիտությունը: Այլ նախասիրություններ կայի՞ն:

– Երբ դպրոցն ավարտում էի, հայրս դեմ էր, որ մեդալի համար առանձին քննություններ տայի, որովհետեւ առաջին տարին էր, որ քննությունները կենտրոնացված էին: Հակված էր նրան, որ դպրոցում քննություններս հանձնեի, ատեստատիս մեջ բարձր գնահատականներ լինեին եւ դիմեի Պոլիտեխնիկ: Ես իմ որոշմանն էի, ասացի` ոչ, գնալու եմ քննություններին եւ Տնտեսագիտական ֆակուլտետ եմ դիմելու: Միգուցե, այդ տարիքում դժվար իմանայի, թե տնտեսագետի մասնագիտությունն ինչ է, եւ դրանով պայմանավորված լիներ ընտրությունս: Ամեն դեպքում, դիմեցի Ժողովրդական տնտեսության ինստիտուտ եւ ընդունվեցի:

– Ծառայել եք պատերազմի ավարտից անմիջապես հետո՝ 1994-1995 թթ: Ո՞ւր մեկնեցիք ծառայության եւ ի՞նչ խնդիրների բախվեցիք այնտեղ: Ինչպիսի՞ն էր նոր ձեւավորված հայկական բանակը:

– Քանի որ ինստիտուտում ռազմական ամբիոն չկար, մենք կոչում չէինք ստացել եւ որպես զինվոր պետք է ծառայեինք: Պարտադիր զինվորական ծառայության ժամկետը մեկ ու կես տարի էր, իսկ բարձրագույն կրթություն ստացածների համար` մեկ տարի: Ինստիտուտն ավարտելուց հետո` 1994թ. հունիս ամսին զորակոչվեցի եւ մեկնեցի ծառայության Դիլիջանի զորամաս: Ծառայեցի քիմիական զորքերում, որոշ ժամանակ անց նաեւ որպես վարորդ էի ծառայությունս անցկացնում: Շատ դժվար ժամանակներ էին, պատերազմը նոր էր ավարտվել, բանակը դեռ նոր-նոր էր կազմավորվել, բազմաթիվ խնդիրներ կային: Կարեւորը, որ շատ բարձր ոգի կար, հաղթանակած բանակի զինվորներ էինք: Սերժանտի կոչումով զորացրվեցի:

Արտեմ Ասատրյանը ծառայության տարիներին

Լուսանկարը` Արտեմ Ասատրյանի անձնական արխիվից

Արտասահմանյան տարբեր կրթական հաստատություններում վերապատրաստումներ եք անցել: Որտե՞ղ էիք Ձեզ զգում ինչպես ձուկը ջրում: Ի՞նչ հիշողություններ ունեք ուսման այդ փուլերից:

– Երբ զինվորական ծառայությունն ավարտեցի, փորձում էի աշխատել, որպեսզի ընտանիքիս օգնեմ: Դժվար ժամանակներ էին ինչպես ապրելու, այնպես էլ սովորելու համար: Այդ ժամանակ իմացա, որ Կառավարման դպրոց է բացվել, որտեղ պետական ծառայողներ են պատրաստելու: Ես նույնպես դիմեցի: Մեծ մրցակցություն էր, ընդունվեցի: Եվ երբ արդեն դիպլոմավորված պետական ծառայող էի, ուղեգրով ինձ ուղարկեցին Կենսաթոշակային եւ զբաղվածության հիմնադրամ: Քանի որ ոլորտը բարեփոխումների մեծ կարիք ուներ ողջ աշխարհում, հնարավորությունները մեծ էին՝  արտասահմանում դասընթացների մասնակցելու եւ հետո այդ գիտելիքներն ու հմտությունները ներդնելու մեր երկրում:

Լավ հիշում եմ Հարվարդում նման կուրսերի մասնակցելու ժամանակաշրջանը՝ մեզ համաշխարհային ճանաչում ունեցող տնտեսագետներ էին դասախոսում:

Շվեդիայում եւս նման կուրսեր եմ անցել: Դասընթացների ընդմիջումները մոտակա ռեստորանում էինք անում, որտեղ ոչ ալկոհոլային գարեջուր էինք խմում: Երկրորդ օրը պարզեցի, որ ռեստորանի տերը հայ է: Ծանոթանալուց հետո, երբ բոլորին գարեջուր էին բերում, ինձ ալկոհոլային գարեջուր էր տալիս (ծիծաղում է- հեղ.):
Երկրորդ անգամ արդեն մեզ հետ սովորող ուկրաինացին գլխի ընկավ, թե ինչ է տեղի ունենում: Հետո բոլորին էլ սկսեցին ալկոհոլային գարեջուր մատուցել:

– Ո՞վ է Ձեր կինը, ինչպե՞ս հանդիպեցիք նրան ու հասկացաք, որ նա է այն միակը:

– Կինս բժշկուհի է: Հանդիպել ենք պատահական, բայց այդ պատահական  հանդիպման մեջ ինչ-որ առանձնահատուկ բան կար: Նա ուսանող էր եւ զուգահեռ աշխատում էր Էրեբունի ԲԿ-ում: Հիվանդանոց այցելության ժամանակ հանդիպեցի նրան, հետո ծանոթացանք, հետո ավելի շատ ծանոթացանք եւ ամուսնացանք:

Արտեմ Ասատրյանը տիկնոջ հետ

Լուսանկարը` Արտեմ Ասատրյանի անձնական արխիվից

-Երեք որդի ունեք: Ինչպիսի՞ հայր է Արտեմ Ասատրյանը: Որքա՞ն ժամանակ եք հատկացնում սիրելիներին: 

-Առաջին որդիս ծնվեց, երբ առաջին անգամ աշխատանքի անցա: Ամենաշատը ցավում եմ, որ քիչ ժամանակ եմ ունենում: Այնպես է ստացվել, որ կինս է ավելի շատ երեխաների հետ զբաղվում: Փորձում եմ ժամանակ գտնել ընտանիքիս տրամադրելու համար, հիմնականում դա կիրակի օրերին է հաջողվում:

Արտեմ Ասատրյանի որդիները

Լուսանկարը` Արտեմ Ասատրյանի անձնական արխիվից

Արձակուրդներն անցկացնում ենք միասին, դա է միակ ժամանակահատվածը, երբ  փորձում եմ  շփվել որդիներիս հետ, զրուցել: Վերջերս պարզեցի, որ որդիներս արդեն բավական մեծացել են. ինձ թվում էր, թե դեռ երեխա են: Բայց արդեն այնպիսի հարցադրումներ են անում, այնպիսի քննարկումներ ենք ունենում, որ հասկանում եմ` հասուն են: Ես փորձում եմ այնպես անել, որ իմ երեխաներն իրենց երկրի ու ընտանիքի համարի արժանավոր զավակներ լինեն:

Փոքր տղաս՝ Հայկը, 8 տարեկան է: Երգի պետական թատրոնի երաժշտական ստուդիայի սան է: Նախորդ տարի Վարշավայում կայացած Աննա Գերմանի անվան երաժշտական փառատոնի մանկական մրցույթում իր կյանքի առաջին լուրջ հաջողությունն է գրանցել ու մասնագիտության հարցում լրջորեն կողմնորոշվել է. երգիչ է դառնալու։ Բայց տանը կամակոր է, մեզ համար չի երգում, ասում է՝ միայն բեմից: Նրա շախմատի դասերը միասին ենք անում: Նաեւ հասարակագիտական եւ պատմագիտական առարկաներում եմ օգնում տղաներիս, որպեսզի նրանք ճիշտ պատկերացում կազմեն մեր պատմական կարեւորագույն անցքերի մասին:

Հայկ Ասատրյանը

Լուսանկարը` Արտեմ Ասատրյանի անձնական արխիվից

-Ի՞նչ ուտեստ եւ խմիչք եք նախընտրում:   

-Ուտելիքների առումող քմահաճ չեմ, տոլմա եմ սիրում: Առհասարակ, կինս եւ մայրս շատ համեղ են պատրաստում, ես սիրով եմ ուտում նրանց պատրաստածը:

Խմիչքներից մեր հայկական կոնյակն եմ նախընտրում: Այն իր ուրույն տեղն ունի: Մեր պատմությունը, երկրի արեւը եւ ժողովրդի հոգին իր մեջ արտացոլող խմիչք է: Կուզեի, որ մեր երկրում գինին եւս իր տեղն ունենա, որովհետեւ մեր արեւահամ  խաղողից վատ գինի չի կարող ստացվել: Պետք է նախկինում ունեցած եւ սովետական տարիներին մարած մշակույթը նորից զարգացնել: Գինին պետք է դառնա մեր սեղանի զարդը:

– Ինչո՞վ եք սիրում զբաղվել ազատ ժամանակ:

-Շատ սիրում եմ սպորտով զբաղվել: Դպրոցում 8 տարի ֆուտբոլ եմ պարապել: Սիրում եմ երեխաների հետ շփվել: Երեխաները շատ անկեղծ են, նրանց կարողանում ես ե՛ւ շատ բան տալ, ե՛ւ ստանալ:

Նարդի եմ սիրում խաղալ, բայց չեմ հիշում, թե վերջին անգամ երբ եմ խաղացել: Ցավով եմ ասում՝ տարբեր մշակութային միջոցառումներին որպես քաղաքացի մասնակցելու սահմանափակումներ կան: Թատրոն գնալն ինձ համար անփոխարինելի է: Սիրում եմ երաժշտություն լսել:

-Ընկերների հետ ժամանակն ինչպե՞ս եք անցկացնում: 

-Ընկերներս ինձանից նեղացել են: Մանկության ընկերներիս հետ էլ հիմա շատ քիչ եմ շփվում, ժամանակը թույլ չի տալիս: Բայց շատ լավ հիշողություններ կան: Ցավոք, աշխատանքը շատ քիչ ժամանակ է թողնում անձնական շփումների եւ հարաբերությունների համար, սակայն ցանկացած առիթ եւ հնարավորություն օգտագործում եմ: Աշխատանքային ընկերներ ունեմ, նրանց հետ եմ ավելի շատ կարողանում շփվել, աշխատանքն ու ընկերական հարաբերությունները կարողանում ենք համատեղել ու ընտանիքների հետ միասին ժամանակ անցկացնել:

Ձեզ համար ի՞նչն է ամենակարեւորն աշխատավայրում: 

-Սրտացավությունն եմ կարեւորում: Եթե որեւէ մեկը որեւէ աշխատանք է անում, պիտի առաջին հերթին սրտացավ մոտենա դրան: Իսկապես պետք է փորձել անել առավելագույնը, չխնայել ոչինչ եւ ամբողջությամբ ներդնել գիտելիքներն ու հմտությունները. դա է միակ ձեւաչափը, որ կունենաս լավագույն արդյունքը:  Չի կարելի աշխատանքին մոտենալ իմիջիայլոց:  Միակ կապիտալը մարդն է, ով պիտի օգտագործի իր հնարավորությունների առավելագույնը: Այդ դեպքում մենք կունենանք մեր երազած երկիրը: Եթե նախարարությունն ունի 100 աշխատակից, բոլորը պետք է մեծ նվիրվածությամբ անեն այդ աշխատանքը: Բոլորը կարեւոր են` սկսած առաջին աստիճանի մասնագետից, վերջացրած նախարարից:

-Դուք զբաղեցնում եք Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարի պաշտոնը մի երկրում, որտեղ բնակչության 1/3 աղքատ է: Ձեզ տանջո՞ւմ է այն միտքը, որ այն թոշակներն ու նպաստները, որոնք ստանում են մարդիկ, նրանց նորմալ կյանք վարելու որեւէ հնարավորություն չեն տալիս:

-Դրա համար իմ աշխատանքային օրը ժամը 22:00-ից շուտ չի ավարտվում: Ամեն օր մենք աշխատանք ենք տանում, որոշումներ ենք կայացնում, որոնք թեկուզ մեկ ընտանիքի կամ հարյուրավորների եւ հազարավորների խնդիր են լուծում: Սոցիալական պաշտպանվածության եւ ընդհանրապես սոցիալական ոլորտի աշխատանքը մարդկային աշխատանք է: Բնական է, որ դու պիտի հասկանաս դիմացինի խնդիրները, կարիքները, մտնես նրա դրության մեջ, որպեսզի կարողանաս ճիշտ լուծումներ գտնել: Եթե հաղորդակից չեղար, քո որոշումները ճիշտ չեն կարող լինել:

Արտեմ Ասատրյանը

Լուսանկարը` Արտեմ Ասատրյանի անձնական արխիվից

Մեր աշխատողների մեծ մասը լավ մարդիկ են, մեծ բեռ են կրում իրենց վրա: Իրենք ամեն օր, շփվելով Ձեր նշած մարդկանց հետ, ովքեր ունեն խնդիրներ, հաղորդակից են լինում դրանց: Հաճախ այդ խնդիրները լուծում են նաեւ միայն լսելով, եթե, իհարկե, չկան այլ հնարավորություններ: Եթե մարդուն լսում ես, խնդիրն ընկալում ես, ճիշտ բացատրում ես, մարդը բավարարվում է նաեւ այդքանով` հասկանալով, որ դու ուզում էիր օգնել, բայց հնարավորությունները սահմանափակ են, եւ խնդիրներն այդ պահին չեն կարող լուծվել: Սոցիալական պաշտպանության ոլորտում առանց սրտացավության աշխատելը հնարավոր չէ:

Ինչպիսի՞ ժամանակաշրջանում կուզեիք ապրել:
– Կուզեի, որ հիմա ապրեինք մի ժամանակաշրջանում, երբ մեզ հուզող բոլոր խնդիրները լուծումներ ստացած լինեին: Բնական է, որ դրան հասնելու ենք, բայց դա հետեւողական աշխատանք է պահանջում: Այդ աշխատանքը բոլորը պիտի իրականացնեն: Ես կուզեի, որ այն բոլոր համակարգերը, որոնք պետությունը կբերեն զարգացվածության մակարդակի, արդեն գործելուց լինեին, որպեսզի մենք ավելի քիչ առիթ ունենայինք խոսելու խնդիրների մասին:

-Կուտակային կենսաթոշակային համակարգի վերաբերյալ Սահմանադրական դատարանի հայտնի որոշումից հետո, երբ լրագրողը Ձեզ հարցրել էր 5 տոկոս պարտադիր պահվող եւ փոխանցվող գումարների հետագա ճակատագրի մասին, եւ մեջբերել ՍԴ որոշումը, լրագրողին ուղղված  Ձեր «Ե՞ւ» հարցից հետո սոցցանցերում բազմաթիվ մեմեր ստեղծվեցին: Հետեւո՞ւմ էիք դրանց եւ ինչպիսի՞ն էր Ձեր արձագանքը:

-Շատ նորմալ արձագանքեցի: Դա, երեւի, ինչ-որ տեղ կապեցին բարկության հետ: Իմ պատասխանը ես արդեն տվել էի, բայց լրագրողը պարտադիր ուզում էր, որ իր համար ընդունելի պատասխան տայի: Դրա համար «եւ»-ն առաջացավ: Դրանից հետո, ոնց որ, շատ «թեւավոր» դարձավ, բայց ես կարծում եմ, որ շատ նորմալ երեւույթ է: Որեւէ կերպ դա ինձ չի բարկացրել:

-Ո՞ր գիրքը պետք է մարդ պարտադիր կարդա եւ ո՞ր ֆիլմը դիտի:

-Ցավոք, այսօր շատ քիչ ենք գիրք կարդում: Տեղեկատվական դարում գիրքը երկրորդական է դարձել: Նույնիսկ, եթե կարդում են, ապա էլեկտրոնային տարբերակով: Դա ճիշտ չէ, գիրքը պետք է վերցնել ձեռքը, շփվել գրքի հետ, թերթել, զգալ հոտը: Ցավոք, ես նույնպես վաղուց գիրք ընթերցելու հնարավորություն չեմ ունեցել: Սիրում եմ Պարույր Սեւակի ստեղծագործությունները եւ պարբերաբար վերընթերցում եմ:

Հաճույքով նայում եմ Էլդար Ռյազանովի ֆիլմերը: Դրանցում ամեն անգամ նոր բան եմ գտնում: Մարդկային հարաբերությունների մասին են եւ շատ դաստիարակչական են:

-Ինչը՞ կարող է Ձեզ երջանկացնել եւ ինչը՞ բարկացնել:

-Երջանկանում եմ, երբ տեսնում եմ, որ արված աշխատանքը արդյունքներ ու պտուղներ է տալիս: Եվ այդ արդյունքը քոնը չի, դա հասարակությանն է: Մարդը հասարակության մաս է, անձ, որը նաեւ որոշակի պատասխանատվություն եւ պարտականություններ ունի: Եթե աշխատանքդ արդյունավետ է լինում, բնական է, որ դա շատ ուրախ եւ երջանիկ պահեր է պարգեւում: Ամենաշատը մարդ ուրախանում է, երբ ուրախացնում է ուրիշին:

Արտեմ Ասատրյանը

Լուսանկարը` Արտեմ Ասատրյանի անձնական արխիվից

Ինձ անտարբերությունն ու անհետեւողականությունն է բարկացնում:

-Ձեզ երջանիկ մարդ համարո՞ւմ եք: Եթե այո, կկիսվե՞ք երջանիկ լինելու Ձեր բանաձեւով: 

-Ինձ համար երջանկություն է, երբ ընտանիքը, գործընկերներն ու ընկերները քեզ շրջապատում են այն նույն սիրով, հարգանքով, հոգատարությամբ , որը ինքդ ես տալիս նրանց:

Երջանկության իմ բանաձեւը կյանքում ճիշտ տեղը գտնելն ու ներդաշնակության հասնել է՝ ընտանիքում, աշխատավայրում, ընկերների ու բարեկամների միջավայրում: Եթե այդ ամբողջության մեջ ընկալվում ես քո էությամբ, ապա  դա քեզ միայն բավարարվածության զգացում է պարգեւում: Երջանկություն է նաեւ այն, երբ  մարդկանց կարողանում ես բավարարվածության զգացում տալ եւ  ստանալ:

Արտեմ Ասատրյանի հետ զրուցել է Մարի Թարյանը

Աղբյուրը՝  Մեդիամաքս