Ընդունվել են օրենսդրական փոփոխություններ

0
107

2016 թվականի հունվարի 20-ի նիստում ՀՀ կառավարությունն ընդունել է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ներկայացրած ՀՀ կառավարության 3 որոշումներում կատարված փոփոխությունները:

Օրենսդրական փոփոխություննների համաձայն` այսուհետ երեխայի ծննդյան միանվագ նպաստի` ուղղակի վճարվող գումարը, չաշխատող անձին նշանակված մայրության նպաստը կվճարվեն բացառապես անկանխիկ եղանակով: Երեխայի ծննդյան նպաստների համար նախատեսված 4 միլիարդ դրամից անկանխիկ վճարման անցնելու դեպքում կխնայվի շուրջ 40 միլիոն դրամ

Բացի դրանից, ավելացվել են նաև երեխայի ծննդյան միանվագ վճարի` պետական աջակցության հաշվին փոխանցվող միջոցները (ընտանեկան դրամագլուխը) տնօրինելու ուղղությունները: Ընտանեկան դրամագլխի միջոցները նոր ծնված երեխայի մեկ տարին լրանալու ամսվան հաջորդող ամսվանից կարող են փոխանցվել ցանկացած բանկային հաշվի` ամսական առավելագույնը 25 000 դրամի չափով:

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի մայիսի 5-ի N 670-Ն որոշման մեջ կատարված փոփոխության համաձայն` կենսաթոշակառուի մահվան դեպքում տրվող թաղման նպաստի, ինչպես նաև կենսաթոշակառուի մահվան պատճառով չվճարված կենսաթոշակի, պատվովճարի, պարգևավճարի, ծերության, հաշմանդամության, կերակրողին կորցնելու դեպքում նպաստների գումարների վճարման կարգում ներդրվել է մայրության և երեխայի ծննդյան միանվագ նպաստների շրջանակներում կիրառվող անկանխիկ վճարման նոր կարգը:

Սա նշանակում է, որ շահառուի` տարածքային բաժին ներկայացված փաստաթղթերի հիման վրա բանկում նրա անվամբ անվճար բացվում է բանկային հաշիվ, որին էլ փոխանցվում է  վճարման ենթակա գումարը:

Այդ գումարն ստանալու պահանջը շահառուն կարող է ներկայացնել բանկին` գումարը բանկի կողմից ստանալու օրվան հաջորդող օրվանից հետո` 1 տարվա ընթացքում: