Կարևոր է իմանալ. սոցիալական փաթեթ

0
80

2012 թվականին ՀՀ կառավարությունը պետական ոլորտի աշխատողների համար ներդրեց սոցիալական փաթեթի ծրագիրը, որը շարունակվեց նաև 2013 թվականին: Սոցիալական փաթեթը 2012 թվականի համար նախատեսված էր 120000 աշխատողի համար, իսկ 2013 թվականին  շրջանակն ընդլայնվել է և կազմել շուրջ 152000 մարդ:

Սոցիալական փաթեթը ներառում է հետևյալ ծառայությունները`

1)    առողջապահական փաթեթ` բժշկական օգնության և սպասարկման կազմակերպում և  ֆինանսավորում.

2)    hիփոթեքային վարկի ամսական վճարի մարում.

3)    ուսման վճար.

4)    hանգստի ապահովում ՀՀ-ում և ԼՂՀ-ում:

2014 թվականի հունվարի 1-ից սոցիալական փաթեթի պարտադիր պայման հանդիսացող ծառայությունը դարձել է առողջապահական փաթեթը` առողջության ապահովագրության փոխարեն: Առողջապահական փաթեթ ձեռք բերելու համար սոցիալական փաթեթի շահառուն պետք է ստանա առողջապահական փաթեթից օգտվելու հավաստագիր:

Սոցիալական փաթեթի շահառուները սոցիալական փաթեթի գումարների փոխանցման համար յուրաքանչյուր բյուջետային տարի պետք է լրացնեն նոր դիմում, իսկ այն աշխատողները, որոնք ձեռք են բերում սոցիալական փաթեթից օգտվելու իրավունք, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության պաշտոնական ինտենետային կայքէջում նշված բանկերում պետք է բացեն սոցիալական փաթեթի հաշիվ, որին կփոխանցվի սոցիալական փաթեթի նրանց հասանելի գումարը, որն ամսական կազմում է 11000 ՀՀ դրամ: Սոցիալական փաթեթի գումարն ունի կուտակային բնույթ, այսիքն՝ պահպանվում և կուտակվում է բանկում բացված սոցփաթեթի հաշվին:

Սոցիալական փաթեթի հաշվում առկա դրամական միջոցները կանխիկացման ենթական չեն, բացառությամբ այն դեպքերի, երբ աշխատողը ձեռք է բերում կենսաթոշակ ստանալու իրավունք և դադարում է նրա սոցիալական փաթեթից օգտվելու իրավունքը: Սոցիալական փաթեթի հաշվում առկա դրամական միջոցները կարող են կանխիկացվել նաև աշխատողի մահվան դեպքում` նրա ժառանգի կողմից: