ՀՀ կառավարությունը հավանություն է տվել սոցիալական ոլորտի մի շարք օրենքներում փոփոխություններ և լրացումներ կատարելու օրենքների նախագծերի փաթեթներին: Մասնավորապես, կենսաթոշակի ավելացման արդարացի սանդղակ մշակելու առնչությամբ ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանն ասել է. “Մենք ունենք մի խումբ թոշակառուներ, որոնք ստանում են չափազանց բարձր թոշակ` 1 մլն դրամ և ավելի: Եվ սա մշտապես առաջացնում է սոցիալական խնդիրներ, բողոքներ ենք ստանում, երբ մարդիկ գնում և միևնույն պատուհանից մեկն ստանում է 35 հազար դրամ թոշակ, մյուսը` 1 մլն դրամ: Այս նոր սանդղակը նպատակ ունի նվազեցնել տարբերությունները, որպեսզի դրանք փորձենք մեղմել ժամանակի ընթացքում: Այսինքն, բարձր թոշակ ունեցողների աճի տեմպը լինելու է ավելի ցածր, իսկ ցածր թոշակ ստացողների աճի տեմպը` ավելի բարձր”:
ՀՀ կառավարությունն ընդունել է նախկին ԽՍՀՄ խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչև 1993 թվականի հունվարի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց 2013թ. փոխհատուցում տրամադրելու, 2013թ. պետբյուջեում վերաբաշխում, իր նախկին որոշումներից մեկում փոփոխություններ կատարելու, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությանը գումար հատկացնելու որոշում: 2006 թվականին հաշվառված 62 հազար 128 ավանդատուների ավանդների փոխհատուցումը շարունակվել է նաև 2013 թվականին, և ցուցակն սպառվել է սեպտեմբերի 23-ին: Փոխհատուցման արտահերթ տրամադրում է նախատեսված ընտանիքների կազմում ընդգրկված մինչև 1924թ. դեկտեմբերի 31-ը ներառյալ ծնված 780 և ՀՀ պաշտպանության ժամանակ կամ ծառայողական պարտականությունները կատարելիս հաշմանդամ դարձած 4600 անձանց` մինչև 1993թ. հունիսի 10-ը նշված բանկում ներդրած ավանդների դիմաց:
3-րդ երեխայի ծննդյան միանվագ նպաստի չափը` 1 մլն դրամ, որից 500 հազարը ընտանեկան դրամագլխի չափն է
ՀՀ կառավարության արտահերթ նիստում հավանություն տրվեց “Երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի ծննդյան համար ընտանիքներին պետական աջակցության տրամադրման” 2014թ. ծրագրին: Դրա համաձայն` հաջորդ տարվա հունվարի 1-ին և դրանից հետո ընտանիքում ծնված երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխայի համար տրամադրվող երեխայի ծննդյան միանվագ նպաստի մի մասը ծնողներին/ընտանիքին վճարվում է երեխայի ծննդից հետո, իսկ մյուս մասով ձևավորվում է ընտանեկան դրամագլուխ: 3-րդ և 4-րդ երեխայի ծննդյան պարագայում միանվագ նպաստի չափը 1 մլն դրամ է, որից կվճարվի գումարի կեսը, իսկ մյուս 500 հազար դրամը կլինի ընտանեկան դրամագլխի չափը: 5-րդ և հաջորդ երեխայի ծննդյան պարագայում նպաստի չափը 1.5 մլն դրամ է, որից կվճարվի 500 հազար դրամը, իսկ 1 մլն դրամը կլինի ընտանեկան դրամագլխի չափը: Փաստորեն, ընտանեկան դրամագլուխը ձևավորվում է պետական աջակցությամբ: Ընտանիքը կարող է ունենալ մեկից ավելի ընտանեկան դրամագլուխ` պայմանավորված ընտանիքում երրորդ և յուրաքանչյուր հաջորդ երեխաների ծննդյան թվով: Այդ դեպքում, յուրաքանչյուր երեխայի համար բացվում է պետական աջակցության առանձին հաշիվ: Եթե ընտանիքը պետական աջակցության իրավունքը ձեռք է բերում ընտանիքում միաժամանակ մեկից ավելի երեխայի ծնվելու հանգամանքով, և ծնված յուրաքանչյուր երեխայի հերթական համարով նախատեսվում է պետական աջակցության տարբեր չափ, ապա անկախ ընտանիքում նրանց հերթական թվից, պետական աջակցությունը տրամադրվում է տվյալ պահի համար սահմանված պետական աջակցության ավելի բարձր չափով: Օրինակ` եթե ընտանիքում ծնվում է զույգ երեխա, որի արդյունքում երեխաների թիվն ընտանիքում երեք երեխայից դառնում է 5 (4-րդ երեխայի համար նախատեսվող պետական աջակցության գումարը 500 հազար է, իսկ 5-րդ երեխայինը` 1 մլն դրամ), ապա յուրաքանչյուր երեխայի համար տրամադրվում է 1 մլն դրամ պետական աջակցություն: Տեղեկացնենք, որ ընտանեկան դրամագլուխը կարող է տնօրինվել ոչ միայն այն երեխայի համար, որի ծնունդով պայմանավորված` ծագել է պետական աջակցության իրավունքը, այլև պետական աջակցության իրավունք ստացած ընտանիքի մյուս անդամների համար: Ընտանեկան դրամագլուխը կարող է օգտագործվել մինչև երեխայի չափահաս դառնալը: Բայց պետք է օգտագործվի միայն անկանխիկ և հետևյալ ուղղություններով` 1. Պետական աջակցության իրավունք ստացած ընտանիքի (կամ այդ ընտանիքի անդամի) համար նոր բնակարանի գնման, կառուցման համար կամ բնակարանի ձեռքբերման նպատակով տրամադրված և հիփոթեքով ապահովված վարկի տոկոսադրույքների և մայր գումարի մարում, 2. Ընտանիքի անդամի` ուսումնական հաստատություններում ուսումնառելու ընթացքում ուսման վարձավճարի վճարում, 3. Ընտանիքի անդամի` բժշկական օգնության դիմաց վճարում կամ առողջության ապահովագրության դասով ընտանիքի մեկ կամ մի քանի անդամների ապահովագրության նպատակով ապահովագրավճարի վճարում: Կարևորենք նաև, որ ընտանեկան դրամագլխի վրա հաշվեգրվում են տոկոսներ, որոնց չափը և հաշվարկման կարգը սահմանվում են պետական աջակցության տնօրինողի և բանկի միջև կնքված համապատասխան պայմանագրով: Պետական աջակցության տնօրինողը, պայմանագրով սահմանված ժամկետում, կարող է կանխիկ ստանալ և տնօրինել ընտանեկան դրամագլխի վրա հաշվարկված տոկոսները: Այդ ժամկետում չպահանջված տոկոսներն ավելանում են ընտանեկան դրամագլխին, որին ևս հավելագրվում են տոկոսներ: Աստված մի արասցե, բայց եթե մահանա այն երեխան, որի ծնունդով պայմանավորված` ծագել է պետական աջակցության իրավունքը, ընտանեկան դրամագլուխը կվերաձևակերպվի ընտանիքի այլ երեխայի անունով` պետական աջակցության տնօրինողի և ընտանիքի չափահաս անձանց գրավոր համաձայնությամբ: Ի դեպ, մեկ այլ կարևոր դրույթ էլ է ամրագրել պետությունը: Այն է` ընտանեկան դրամագլուխն ամբողջությամբ ենթակա է վերադարձման, եթե երեխան տեղավորվել է մանկատանը կամ տրվել է որդեգրման: Երեխան չափահաս դառնալուց հետո դրամագլուխը և դրա վրա հաշվեգրված տոկոսները կարող է անխոչընդոտ տնօրինել` առանց որևէ սահմանափակման (բացառությամբ օրենքով և բանկի հետ կնքած պայմանագրով նախատեսված սահմանափակումների): Ընտանեկան դրամագլխի տրամադրման կարգն ու պայմանները, պետական աջակցության հաշվի բացման և սպասարկման համար բանկերի հետ կնքվելիք օրինակելի պայմանագրի ձևը կհաստատի կառավարությունը: “Այս ծրագիրը ներկայացվում է ի կատարումն երկրի նախագահի նախընտրական և կառավարության ծրագրերի, որոնցով նախատեսված է ՀՀ-ում ներդնել մայրական կապիտալի համակարգ: Դրա նպատակն է ծնողների` իրենց մանկան ապագայի նկատմամբ վստահության ձևավորումը, Հայաստանում ծնելիության խթանումը և բազմազավակ ընտանիքների կյանքի պայմանների բարելավումը: Այսպիսով` ըստ էության մայրական կապիտալն ընտանիքի կարողությունների հզորացման ծրագիր է, որը ներառելու է թե՛ ֆինանսական միջոցներ, թե՛ ոչ ֆինանսական, լինի նյութական (բնաիրային), լինի սոցիալական այլընտրանքային ծառայությունների ձևով, թե բարոյախրախուսական միջոցառումներ (պարգևատրումներ, կոչումներ և այլն)”,-իր խոսքում նշեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Ասատրյանը:
2014թ. պետբյուջեի մասին օրինագծով երեխայի ծննդյան միանվագ նպաստի նպատակով հատկացվել է շուրջ 8,565 մլրդ դրամ` 42333 երեխաների համար: Ընդ որում, կանխատեսվել է, որ ընտանիքում ծնված 1-ին, 2-րդ երեխաների թիվը կկազմի 35733, 3-րդ և 4-րդ երեխաներինը 6244, իսկ 5-րդ և հաջորդող երեխաներինը` 356:
Զբաղվածության ծրագրեր
Մեր երկրում գործազուրկների ընդհանուր թիվը 2008-2010թթ. ավելացել է 20.1%-ով, իսկ հաջորդ երկու տարիներին 2010թ. համեմատ նվազել է 11.7%-ով, սակայն 2012թ. ցուցանիշը շարունակում է բարձր մնալ 2008թ. համեմատ` 6,2%-ով: Այս տվյալները ՀՀ կառավարության արտահերթ նիստում հրապարակեց ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Ա. Ասատրյանը` գործադիրի քննարկմանը ներկայացնելով զբաղվածության կարգավորման 2014թ. պետական ծրագիրը (2014թ. պետբյուջեի նախագծի համապատկերում): Ոլորտի ընդհանուր պատկերի համաձայն, տղամարդկանց շրջանում գործազուրկների թիվը 2008-2010թթ. աճել է 22.1%-ով, իսկ հաջորդ երկու տարում նվազել է մոտ 10%-ով, իսկ կին գործազուրկների թիվը 2008-2010թթ. աճել է 18.3%-ով և միայն վերջին 2 տարում գրանցվել է նվազման միտում` մոտ 13.5%-ով (2010թ. նկատմամբ): Գործազուրկների շրջանում առավել մեծ տեսակարար կշիռ են կազմում մասնագիտություն չունեցողները, որոնց թիվը նշված ժամանակահատվածի առաջին երեք տարիներին աճել է 20.5%-ով, իսկ վերջին տարում նվազել է 11.9%-ով (2010թ. համեմատ), սակայն շարունակում է գերազանցել 2008թ. ցուցանիշը 6.2%-ով: Մտահոգիչ է նաև այն, որ 4 տարիների ընթացքում գործազուրկների մեջ բարձրագույն կրթություն ունեցողների տեսակարար կշիռը շարունակաբար աճել է` տարեկան միջինը 11%-ով և 2011թ. բացարձակ արժեքով բարձրագույն կրթություն ունեցող գործազուրկները զիջում են միայն կրթություն չունեցողներին: Գործազուրկների շրջանում առավել մեծ թիվ է կազմում 31-45 տարիքային խումբը, որը թեկուզ նշված 4 տարիներին անընդհատ նվազել է միջինը տարեկան 9.6%-ով, շարունակում է մեծաթիվ մնալ մյուս տարիքային խմբերից:
2009-2012թթ. գործազրկության մակարդակն աճի միտում է դրսևորել Գեղարքունիքի, Լոռու, Կոտայքի, Շիրակի և Սյունիքի մարզերում միջինը 1.6 տոկոսային կետով: Գործազրկության մակարդակի աճի առավել մեծ դինամիկա է գրանցվել Սյունիքի մարզում` 2.3 տոկոսային կետով, իսկ ամենամեծ կրճատման դինամիկան գրանցվել է Վայոց ձորի մարզում` 8.3 տոկոսային կետով: Բացարձակ արժեքով ամենաբարձր գործազրկության մակարդակը շարունակում է մնալ Երևանում (չնայած վերջին տարիներին գործազրկության մակարդակի 3.9% կրճատմանը), ինչպես նաև Շիրակի, Կոտայքի և Լոռու մարզերում, որտեղ գործազրկության մակարդակի աճի տեմպերը վերջին տարիներին կազմել են, համապատասխանաբար, 2%, 1.9% 7 0.8%: Ըստ այս ցուցանիշի, վիճակն առավել բարենպաստ է Արագածոտնի, Արարատի և Արմավիրի մարզերում, որտեղ գործազրկության մակարդակը մշտապես դրսևորում է կրճատման միտում (միջինը` 2.3%-ով):
2013թ. հուլիսի 1-ի դրությամբ զբաղվածության պետական ծրագրերում ընդգրկվել են 11571 աշխատանք փնտրող անձինք` աշխատանք փնտրողների 16.7%-ով: Սակայն ծրագրերը պլանավորվել են 17727 անձանց համար: Փաստացի և պլանավորված ընդգրկման ցուցանիշների տարբերությունը հիմնականում պայմանավորված է նպաստառու գործազուրկների ամսական միջին թվի նվազմամբ` 6095-ով: Զբաղվածության ակտիվ ծրագրերում ընդգրկված անձանց թիվը 2013թ. հուլիսի 1-ի դրությամբ կազմել է 1013 (պլանավորվածի նկատմամբ` 96.7%): 2013թ. հուլիսի 1-ի դրությամբ` 1) աշխատանքի են տեղավորվել գործակալությունում հաշվառված` ա. 5956 աշխատանք փնտրողներ, բ. երիտասարդների 8.3%-ը, գ. աշխատաշուկայում անմրցունակ անձանց 4.1%-ը, 2) գործակալությունը համագործակցել է 10973 գործատուների հետ, իսկ գործատուներից ստացված և հավաքագրված թափուր աշխատատեղերի թիվը կազմել է 6737: Ըստ Ա. Ասատրյանի, 2014թ. զբաղվածության պետական կարգավորման ոլորտի համար առանձնացվում են հետևյալ հիմնախնդիրները. 1. Հայաստանի աշխատաշուկայում առաջարկի և պահանջարկի քրոնիկ անհամապատասխանությունը, առանձին մասնագիտությունների գծով թափուր աշխատատեղերի լրացման խոչընդոտները, գործազրկության բարձր մակարդակը: 2. Աշխատաշուկայի տարածքային անհամամասնություններով պայմանավորված` առանձին տարածաշրջաններում գործազրկության մակարդակների էական տարբերությունների առկայությունը, գյուղական համայնքներում բնակչության թերզբաղվածությունը, ինչպես նաև ոչ գյուղատնտեսական զբաղվածության ցածր մակարդակը:
Պետությունը զբաղվածության խնդիրը կփորձի լուծել նաև գործազուրկներին ամենամյա և փորձարկվող ծրագրերում ներառելով: Գործող ծրագրերի մասով. Օրինակ, գործատուին աշխատավարձի մասնակի փոխհատուցում կտա: Սրա նպատակը աշխատաշուկայում անմրցունակ անձանց աշխատանքի տեղավորման դեպքում աշխատավարձի մասնակի փոխհատուցման միջոցով կայուն զբաղվածության ապահովումն է: Մեկ կամ երկու տարի ժամկետով աշխատանքի տեղավորված յուրաքանչյուր շահառուի համար գործատուին կտրվի փոխհատուցում` գործատուի կողմից սահմանված աշխատավարձի 50%-ի չափով, բայց ոչ ավելի, քան նվազագույն ամսական աշխատավարձի չափը: Ակնկալվում է, որ ծրագրում ընդգրկվողների առնվազն 30%-ը պետք է լինեն գործազուրկներ, իսկ 50%-ը` հաշմանդամություն ունեցող անձինք: Կամ` մասնագիտական աշխատանքային փորձ չունեցող անձանց համար աշխատանքային պրակտիկա կկազմակերպի: Սրա նպատակը մասնագիտություն ունեցող, սակայն մասնագիտական աշխատանքային փորձ չունեցողին` իր մասնագիտական որակավորմանը համապատասխան աշխատանքային փորձ ձեռք բերելու, աշխատաշուկայում առավել մրցունակ դառնալու և աշխատանքի տեղավորվելու աջակցության միջոցով կայուն զբաղվածության ապահովումն է: Աշխատանքային պրակտիկայի ամբողջ ժամանակահատվածում պետբյուջեի միջոցներից պրակտիկան անցկացնող անձին վճարվում է նրա նախորդ տարվա միջին ամսական աշխատավարձի 20%-ի չափով, բայց ոչ ավելի, քան “Նվազագույն ամսական աշխատավարձի մասին” օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի չափը, իսկ գործատուին տրամադրվում է գումար` պրակտիկանտի աշխատավարձից հաշվարկվող եկամտային հարկը փոխհատուցելու համար: Այս ծրագրի տևողությունը 3 ամիս է: Կամ` աջակցության մեկ այլ ձև էլ կա` այլ վայրում աշխատանքի տեղավորելը: Սրա նպատակն էլ աշխատուժի ներքին տեղաշարժի կարգավորման միջոցով մարզերում չլրացվող թափուր աշխատատեղերի լրացումն ու կայուն զբաղվածության ապահովումն է: Շահառուներն են գործազուրկները և աշխատանք փնտրող չզբաղված հաշմանդամություն ունեցող անձինք: Շահառուներին կփոխհատուցվեն հետևյալ ծախսերը. 1. Շահառուի և իր ընտանիքի անդամների տեղափոխման տրանսպորտային ծախսը, 2. Շահառուի և ընտանիքի անդամների անհրաժեշտ գույքի տեղափոխման տրանսպորտային ծախսը, 3. Մեկ տարվա ընթացքում 4 անգամ մշտական բնակավայր այցելելու համար տրանսպորտային ծախսը, 4. Միանվագ ֆինանսական աջակցություն` նվազագույն ամսական աշխատավարձի եռապատիկի չափով, 5. 30 կմ-ից ավելի հեռավորությամբ այլ վայր աշխատանքի մեկնելու դեպքում` շահառուների և նրանց ընտանիքների անդամների օրապահիկը, 6. ամսական գումար բնակարանային վարձի և կոմունալ ծախսերի համար, 7. Աշխատավարձի հավելում` “Նվազագույն ամսական աշխատավարձի մասին” օրենքի 1-ին հոդվածով սահմանված նվազագույն ամսական աշխատավարձի 50%-ից մինչև կրկնապատիկի չափով` հաշվի առնելով թափուր աշխատատեղերի` ըստ մասնագիտությունների (բժիշկներ, ուսուցիչներ) լրացման առաջնահերթությունները: Ակնկալվում է, որ ծրագրում ընդգրկվածների առնվազն 90%-ը պետք է լինեն գործազուրկներ, 10%-ը` հաշմանդամություն ունեցող անձինք: Փորձարկվող ծրագրերի մասով. Դրանցից մեկի նպատակն, օրինակ, ժամանակավոր զբաղվածության միջոցով առավել խոցելի և աղքատ գյուղական բնակավայրերի բնակչության սոցիալական լարվածությունը մեղմելն է: Գյուղատնտեսական աշխատանքներում, որպես վարձու ժամանակավոր աշխատողներ, կարող են առաջնահերթության կարգով ներգրավվել նաև անապահովության գնահատման համակարգում ընդգրկված սոցիալապես անապահով ընտանիքների անդամները, ուսանողները` ամառային արձակուրդների ընթացքում, աշխատանք փնտրող այլ անձինք: Սպասվելիք արդյունքը շուրջ 2100 հողի սեփականատեր կամ վարձակալ, կամ անհատույց օգտագործող համարվող անձանց ժամանակավոր զբաղվածության խնդիրը լուծելն է: Զբաղվածության հաջորդ տարվա ծրագրի իրագործումից ակնկալվում է` 1. Աշխատաշուկայի պետական կարգավորման ծրագրերում ներառվող անձանց թվաքանակի աճ առնվազն 5%-ով` նախորդ տարվա համեմատ, 2. Գործազրկության նպաստի իրավունք ձեռք բերած գործազուրկների թվաքանակի կրճատում` առնվազն 10 տոկոսային կետով` նախորդ տարվա համեմատ, 3. Կայուն զբաղվածության գործակցի ապահովում 21.3%, կամ, որ նույնն է` 1600 անձի կայուն զբաղվածության ապահովում, 4. Գործատուներից ստացված և հավաքագրված չկրկնվող թափուր աշխատատեղերի թվի աճի առնվազն 10%-ով` նախորդ տարվա համեմատ: