Սահմանվել է ՀՀ քննչական կոմիտեի ծառայողի կենսաթոշակի նշանակման կարգը

0
159

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ներկայացմամբ ՀՀ կառավարության 20.01.2016թ. հերթական նիստում ընդունվել է <Հայաաստանի Հանրապետության քննչական կոմիտեի ծառայողի կենսաթոշակ նշանակելու կարգի սահմանելու մասին> ՀՀ կառավարության որոշման նախագիծը:

Կենսաթոշակ նշանակվում է <Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի մասին> ՀՀ օրենքի 51-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն քննչական կոմիտեի ծառայողի պաշտոնում նշանակված և մինչև 2017 թվականի հուլիսի 1-ը այդ պաշտոնից ազատված անձին, եթե նա քննչական կոմիտեի ծառայողի պաշտոնից ազատվելու օրվա դրությամբ ունի առնվազն 20 օրացուցային տարվա ծառայության ստաժ և այդ պաշտոնից ազատվել է իր գրավոր դիմումի հիման վրա կամ օրենքով նախատեսված սահմանային տարիքը լրանալու կապակցությամբ (եթե օրենքով սահմանված կարգով այն չի երկարաձգվել), կամ հիվանդության կամ ֆիզիկական արատի պատճառով ծառայությանը ոչ պիտանի լինելու դեպքում, կամ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճռով անգործունակ ճանաչվելու հիմքով:

Նախագծով սահմանվում է, որ քննչական կոմիտեի ծառայողի կենսաթոշակի չափը հաշվարկվում է 2014թ. հունիս ամսվա համար ՀՀ պաշտպանության նախարարության կամ ՀՀ կառավարությանն առընթեր ՀՀ ոստիկանության քննչական մարմիններում ստացած (հաշվարկված) դրամական բավարարման և սննդի փոխհատուցման գումարի 70 տոկոսի չափով:

20 օրացուցային տարուց ավելի ծառայության ստաժի յուրաքանչյուր լրիվ տարվա համար կենսաթոշակին ավելանում է դրամական բավարարման և սննդի փոխհատուցման գումարի 2 տոկոսը, իսկ մինչև զինվորական ծառայության պաշտոն զբաղեցնելն աշխատած և ծառայության ստաժում չհաշվառվող յուրաքանչյուր տարվա համար՝ 1 տոկոսը:

Մինչև այս որոշումն ուժի մեջ մտնելը խնդրո առարկա կենսաթոշակի իրավունք ձեռք բերած քննչական կոմիտեի ծառայողին կենսաթոշակը կնշանակվի քննչական կոմիտեի ծառայողի պաշտոնից ազատվելու օրվանից, եթե կենսաթոշակ նշանակելու դիմումը և անհրաժեշտ փաստաթղթերը կենսաթոշակ նշանակող ստորաբաժանում կներկայացվի որոշումն ուժի մեջ մտնելու օրվանից հետո՝ 6 ամսվա ընթացքում: