<Արմենիա-Մարիոթ> հյուրանոցի <Տիգրան Մեծ> սրահում տեղի ունեցավ <Հայաստանի սոցիալական քաղաքականության տեսլականն առաջիկա 10 տարիների ընթացքում> թեմայով կլոր-սեղան քննարկումը, որը նվիրված էր Հայաստանի Հանրապետությունում սոցիալական ծառայությունների ստեղծման 20-ամյակին: Հանդիպմանը մասնակցում էին ՀՀ ԱՍՀ նախարար Ա. Ասատրյանը, ԱԺ սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Հ. Հակոբյանը, ԵՊՀ սոցիոլոգիայի ֆակուլտետի դեկան Ա. Մկրտչյանը, պետական տարբեր գերատեսչությունների, միջազգային և տեղական կազմակերպությունների ներկայացուցիչներ, սոցիալական ծառայությունների ղեկավարներ:
Բացման խոսքում ՀՀ ԱՍՀ նախարար Ա. Ասատրյանը նշեց, որ նման քննարկումը հնարավորություն կտա ամփոփել սոցիալական պաշտպանության ոլորտի զարգացման հնարավոր ուղղությունները, արդի սոցիալական տեխնոլոգիաները, ոլորտում եղած առկա դժվարությունները և դրանց հաղթահարման հնարավորությունները, ակնկալվող արդյունքները, նորարարական մտքերն ու գաղափարները, նախանշել հետագա զարգացումների ուղղությունները:
<<Կարևորում եմ ընտրված թեմատիկ ուղղությունները, քանի որ մեր անելիքները վերանայելու խնդիր ունենք: Սոցիալական պաշտպանության ոլորտի ծրագրերը պետք է լինեն նորարարական, ուղղվեն պաշտպանության կարիք ունեցող ընտանիքներին՝ բացառելով սոցիալական խնամառությունը: Առաջիկայում պետք է կարողանանք գործնական մեխանիզմեր մշակել՝ օրենքները կյանքի կոչելու, մարդու, ընտանիքի կարիքի վրա հիմնված հասցեական, արդիական, մարդակենտրոն ծառայություններ մատուցելու համար>>,-նշեց նախարարը:
Կազմակերպիչները սոցիալական պաշտպանության կարևորագույն ենթաոլորտներից առանձնացրել էին 11 թեմա: Ձևաչափն ընտրված էր այնպես, որ թեմատիկ սեղանների շուրջ հավաքված մասնագետները հնարավորություն ունեցան վեր հանել և քննարկել համապատասխան ոլորտի խնդիրները, ներկայացնել առաջարկություններ և նոր ծրագրեր: Դրանք կամփոփվեն, կլրամշակվեն և կդառնան առաջիկա տարիների քաղաքականության կարևոր բաղկացուցիչ մասը:
Միջոցառմումը կազմակերպվել էր ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, <Վորլդ վիժն> կազմակերպության և ԱՄՆ ՄԶԳ Կենսաթոշակային բարեփոխումների իրականացման ծրագրի հետ համագործակցությամբ: