Սիրելի բարեկամներ,
1992 թվականին ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան դեկտեմբերի 3-ը հռչակեց որպես Հաշմանդամների միջազգային օր:
Օրվա խորհուրդը հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրների մասին ևս մեկ անգամ բարձրաձայնելը, խնդիրների լուծման ուղղությամբ կատարվածն ամփոփելը, հետագա անելիքները նախանշելն է:
Վերջին տասնամյակում Հայաստանի Հանրապետությւոնում էականորեն փոխվել են մոտեցումները հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրների կարգավորման հանդեպ: Պետական քաղաքականության հիմքում մարդու իրավունքների պաշտպանության գերակայությունն է, խտրականության բացառումը, հասարակության մեջ բոլորի լիարժեք ներառումը, հաշմանդամ մարդկանց նկատմամբ ճիշտ վերաբերմունքի ձևավորումը:
Հաշմանդամների հիմնախնդիրները բազմազան են և բազմաբնույթ` սկսած շրջակա միջավայրի մատչելիության և հավասար պայմանների ապահովումից մինչև բժշկասոցիալական վերականգնման միջոցառումների իրականացում և զբաղվածության ապահովում:
Այս բազմաշերտ խնդիրների լուծման գործում պետական կառույցների կողքին են հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպությունները, որոնց հետ համագործակցությամբ մենք անշեղորեն գնում ենք դեպի ներառական հասարակություն, ստեղծում միջավայր՝ որտեղ հաշմանդամություն ունեցող մարդը՝ որպես հասարակության լիարժեք անդամ, հնարավորություն կունենա աշխատել, արարել, մասնակցել մեր երկրի շենացմանը:
Համագործակցությունը, ինչպես նաև հաշմանդամություն ունեցող անձանց կողմից իրենց իսկ ուժերի նկատմամբ օրեցօր աճող հավատը մեզ հիմք է տալիս կերտել ներկան և լավատեսորեն նայել ապագային:
Թույլ տվեք նախարարության կոլեկտիվի և անձամբ իմ անունից Ձեզ բոլորիդ` հանրապետության հաշմանդամություն ունեցող անձանց, մաղթել առողջություն, բարեկեցություն և ամենայն բարիք:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար
Արտեմ Ասատրյան