0
107

Նոյեմբերի 15-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունում տեղի ունեցավ ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման ազգային ծրագրի համակարգման միջգերատեսչական հանձնաժողովի անդրանիկ նիստը, որին մասնակցում էին շահագրգիռ պետական մարմինների, հասարակական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

Նիստը վարում էր ՀՀ ԱՍՀ նախարարի առաջին տեղակալ Ա. Պետրոսյանը: Օրակարգում հետևյալ հարցերն էին՝ ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման ազգային ծրագրի և ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումների ցանկի նախագծի նախնական տարբերակի ներկայացում, <Մինչև 20 տարեկան հղի կամ մայրացած ուսանող երիտասարդ կանանց ուսման վարձերի սուբսիդավորման հայեցակարգի> քննարկում:

Նիստի մասնակիցներին մաղթելով արդյունավետ աշխատանք՝ պարոն Պետրոսյանը հավաստեց, որ Հայաստանում ժողովրդագրության իրավիճակը դարձել է մտահոգության առարկա: <Չնայած պետության կողմից իրականացվող բազմաթիվ ծրագրերի, այն իր մեջ ներառում է լուրջ մարտահրավեր առաջին հերթին ազգային անվտանգության առումով: Նախարարությունն մշակել է <2009-2035թթ. ժողովրդագրական քաղաքականության ռազմավարության և ռազմավարության իրականացումն ապահովող միջոցառումների ցանկ> ծրագիրը, որի շրջանակներում իրականացվել են շատ միջոցառումներ, բայց շատ քիչ մասով են կարողացել շտկել ներկայիս իրավիճակը: Միջգերատեսչական հանձնաժողովի հիմնական նպատակն է լինելու համակարգել տարբեր պետական մարմինների իրականացրած ծրագրերն ու կատարած աշխատանքները, մշակել նոր Ազգային ծրագիր: Պետք է մտածել այնպիսի իրական միջոցառումներ, որոնց հետագա արդյունքները շոշափելի կլինեն: Կարծում եմ միասին կկարողանանք ստեղծել մի փաստաթուղթ, որը կլինի բովանդակային և իրատեսական>,-նշեց նախարարի առաջին տեղակալը:

ՀՀ ԱՍՀՆ ժողովրդագրության բաժնի պետ Վ. Բաբաջանյանը հանդիպման մասնակիցներին ներկայացրեց <ՀՀ ժողովրդագրական իրավիճակի բարելավման ազգային ծրագրի և ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումների ցանկի նախագծի> նախնական տարբերակը, որի նպատակն է լինելու իրականացվող միջոցառումների շնորհիվ ժողովրդագրական բացասական միտումների կանխումը, իրավիճակի կայունացումն ու բարելավումը: Այն ընդգրկելու է 2014-2017թթ. ժամանակահատվածը: Ծրագրի հիմնական ուղղություններն են՝ ծնունդների սոցիալական խրախուսում, մահացության՝ մասնավորապես վաղաժամ մահացությունների թվաքանակի կրճատում, մանկամահացության և մայրամահացության ցուցանիշի բարելավում, բազմազավակ ընտանիքների աջակցության ծրագրերի մշակում և իրականացում:

<Մինչև 20 տարեկան հղի կամ մայրացած ուսանող երիտասարդ կանանց ուսման վարձերի սուբսիդավորման հայեցակարգի> մշակման նպատակով կատարված վերլուծություններն էլ ներկայացրեց ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարարության երիտասարդական քաղաքականության վարչության պետ Արմեն Պապյանը: Նա մանրամասն տեղեկացրեց իրականացրած քննարկումների, աշխատանքների և համագործակցության մասին:

Նիստի ավարտին որոշվեց ստեղծել աշխատանքային խումբ, որի կազմում կներառվեն շահագրգիռ մարմինների ներկայացուցիչները և նրանց հետագա աշխատանքների համար հիմք կհանդիսանա փաստաթղթի նախնական տարբերակը: