Նախարարությունում սկսվել է զանգվածային լրատվության միջոցների հավատարմագրման գործընթացը

0
123

«Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի, ինչպես նաև ՀՀ կառավարության 2004թ. մարտի 3-ի N 333-Ն որոշմամբ հաստատված «ՀՀ պետական կառավարման մարմիններում լրագրողների հավատարմագրման օրինակելի կարգի» համաձայն, ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժինն իրականացնում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության գործունեությունը լուսաբանող լրագրողների հավատարմագրում:

Հավատարմագրվելու համար անհրաժեշտ է 2016թ. հունվարի 11-ից 29-ը ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության աշխատակազմի հասարակայնության հետ կապերի բաժնի պետի անունով` նամակով կամ էլեկտրոնային փոստով /anush.danielyan@old.mlsa.am/ ներկայացնել դիմում, որտեղ պետք է նշված լինեն`

1) լրատվական գործունեություն իրականացնող իրավաբանական անձի լրիվ անվանումը, կազմակերպական-իրավական ձևը, գտնվելու վայրը, իսկ եթե լրատվական գործունեություն իրականացնողը ֆիզիկական անձ է` նրա ազգանունը, անունը, հայրանունը և բնակության վայրը (հասցեն),

2) հավատարմագրման ներկայացվող լրագրողի` ըստ անձնագրի, ազգանունը, անունը, հայրանունը,

3) լրատվական գործունեություն իրականացնողի և լրագրողի էլեկտրոնային հասցեներն ու հեռախոսահամարները,

4) լրագրողի (լրագրողների) մեկ էլեկտրոնային լուսանկար:

Հավատարմագրումն իրականացվում է մեկ տարի ժամկետով, իսկ լրատվական գործունեություն իրականացնողի դիմումում ավելի պակաս ժամկետ նշվելու դեպքում` տվյալ ժամկետով: Հավատարմագրման ենթակա են յուրաքանչյուր լրատվամիջոցը ներկայացնող ոչ ավելի, քան երկու լրագրող և երկու լուսանկարիչ կամ տեսաձայնագրման երկու օպերատոր:

Օտարերկրյա պետության օրենսդրության հիման վրա գործող լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցիչ լրագրողի հավատարմագրման համար դիմումին կից պետք է ներկայացվի նաև Հայաստանի Հանրապետությունում լրագրողի հավատարմագրման` Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության կողմից տրված վկայականի լուսապատճենը:

Օտարերկրյա պետության օրենսդրության հիման վրա գործող լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցիչ լրագրողի` աշխատակազմում հավատարմագրման համար Հայաստանի Հանրապետության հավատարմագրում չի պահանջվում, եթե Հայաստանի Հանրապետության տարածքում սահմանված կարգով գործում է տվյալ լրատվական գործունեություն իրականացնողի ներկայացուցչությունը, որի միջոցով առաջադրվել է լրագրողի հավատարմագրումը: