2013 թվականի հոկտեմբերի 10-ին ՀՀ կառավարության կողմից ընդունվեց “Տեսողությունից 1-ին խմբի հաշմանդամություն ունեցող աշխատանք փնտրող չզբաղված անձանց ուսուցման և աշխատատեղի հարմարեցման շրջանակներում համակարգչի տրամադրման ծրագիր”: Ծրագրի նպատակն էր՝ գնահատել տեսողությունից 1-ին խմբի հաշմանդամություն ունեցող աշխատանք փնտրող անձանց աշխատանքային կարիքները, ուսուցանել “Արև” համակարգչային ծրագիրը և աջակցել նրանց` աշխատանք գտնելու հարցում:
Հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին պետական գնումների ընթացակարգին համաձայն` կազմակերպվեց և իրականացվեց մասնագիտական ուսուցում իրականացնող կազմակերպությունների, ինչպես նաև շահառուների ընտրություն: “Զբաղվածության պետական ծառայություն” գործակալության տեղեկատվական շտեմարանից առանձնացվեց 1-ին խմբի հաշմանդամություն ունեցող աշխատանք փնտրող 15 անձի տվյալներ, որոնք հրավիրվեցին զբաղվածության կենտրոններ: Շահառուներ գտնելու նպատակով գործակալությունը դիմեց նաև տեսողական խնդիրներ ունեցող անձանց հիմնախնդիրներով զբաղվող հասարակական կազմակերպություններին, ակնաբուժական կլինիկաներին:
Արդյունքում “Արև” համակարգի ուսուցման 15-օրյա դասընթացներում ընդգրկվեց 23 տեսողությունից 1-ին խմբի հաշմանդամություն ունեցող անձ, որից թվով 10-ը Գյումրի քաղաքում, 6-ը` Վանաձորում և 7-ը` Երևանում:
Մինչ դասընթացները ընթանում էին, տարածքային կենտրոնները սկսեցին ակտիվորեն աշխատել գործատուների հետ, ներկայացնել “Արև” ծրագիրը, նաև գործատուին խրախուսող այլ` աշխատավարձի մասնակի փոխհատուցման և աշխատատեղի հարմարեցման ծրագրերը: Արդյունքում ձեռք բերվեցին պայմանավորվածություններ` տեսողական խնդիրներ ունեցող անձանց աշխատանքի տեղավորելու հարցում:
Դասընթացներն ավարտվեցին դեկտեմբերի 23-ին: Համաձայն գործատուների հետ ձեռք բերված պայմանավորվածությունների` ուսուցում անցածներից 5 անձ ընդգրկվել է աշխատավարձի մասնակի փոխհատուցման և աշխատատեղի հարմարեցման ծրագրերում և մինչև տարեվերջ նրանց հետ կկնքվեն նաև աշխատանքային պայմանագրեր:
Ուսուցումն ավարտած անձանց հետ աշխատանքի տեղավորմանն ուղղված աշխատանքները կշարունակվեն նաև 2014թ.-ին: