Դեկտեմբերի 20-ին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն ու ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն տիկին Քարեն Հիլիարդը ստորագրեցին դրամաշնորհային երկու համաձայնագիր, որոնք նպաստելու են երկրում ընթացող կենսաթոշակային համակարգի բարեփոխումների վերաբերյալ հանրության իրազեկման բարձրացմանն ու սոցիալական ծառայությունների մատուցման որակի բարելավմանը: Այս ծրագրերի իրականացման համար ԱՄՆ միջազգային զարգացման գործակալությունը Հայաստանին կտրամադրի 414 հազար դոլար, որը կօգտագործվի 15 ամիս ժամկետում;
Հանդիպման նպատակն էր երկար տարիների համագործակցության ամրապնդումն ու սոցիալական պաշտպանության ոլորտի կարևոր բարեփոխումների գործընթացում նոր միջոցների ներդրումը: Մասնակցում էին ՀՀ կառավարության և ԱՄՆ առաքելության ներկայացուցիչներ, պաշտոնատար անձինք:
Առաջին համաձայնագիրը վերաբերում էր կենսաթոշակային նոր համակարգի ներդրման վերաբերյալ հանրության իրազեկմանն ուղղված քարոզարշավների կազմակերպման կարողությունների հզորացմանը, երկրորդը՝ Հայաստանի բնակչությանը մատուցվող սոցիալական ծառայությունների որակի և արդյունավետության բարձրացմանը:
<Այսօր մենք նոր ծրագրեր ենք սկսում նպատակ ունենալով սոցիալական պաշտպանության ոլորտում բարեփոխումներ իրականացնել: Գումարի մի մասը՝ 149 հազար դոլարը կուղղվի կենսաթոշակային բարեփոխումների վերաբերյալ իրազեկման բարձրացմանը: Թեև համակարգի վերաբերյալ իրազեկման ծրագրեր իրականացվում են արդեն 10 տարի, սակայն բնակչության մոտ դեռ կա անորոշություն: Այս ծրագրով կփորձենք պատասխան տալ բոլոր հարցերին: Հաջորդ ծրագրով մենք ամփոփում ենք ինտեգրված սոցիալական ծառայությունների համակարգի փորձնական ծրագրի արդյունքն ու ինստիտուցիոնալացնում դրանք: Հավաստիացնում եմ, որ ձեր տրամադրած միջոցները կօգտագործվեն արդյունավետորեն և կծառայեն իրենց նպատակին>,- իր խոսքում նշեց նախարար Ա. Ասատրյանը:
ԱՄՆ ՄԶԳ հայաստանյան առաքելության տնօրեն տիկին Քարեն Հիլիարդն էլ հավաստեց, որ գործակալությունը շարունակելու է աջակցություն ցուցաբերել Հայաստանի սոցիալական ոլորտին: <Այս համաձայնագրերի միջոցով ԱՄՆ ՄԶԳ-ն օգնելու է Հայաստանին բարելավել սոցիալական ծառայությունները: Մենք հիմնելու ենք սոցիալական ծառայությունների միասնական կենտրոններ, որոնք ավելի արդյունավետ աշխատանք կկատարեն: Հուսով ենք, որ դրանց գործարկմամբ էականորեն կբարելավվի սոցիալական ծառայությունների արդյունավետությունը: Տեղեկացնեմ նաև, որ Հայաստանը կդառնա այն սակավաթիվ երկրներից մեկը, որտեղ կիրականացվի երեխաների իրավունքների պաշտպանության ծրագիր, որի միջոցները կրկնապատկվել է ԱՄՆ-ի կողմից, ինչը հնարավորություն կտա աջակցել այդ ոլորտին և ստեղծել պայմաններ, որ երեխան մեծանա ընտանիքում, ունենա երջանիկ մանկություն>,- տեղեկացրեց տիկին Հիլիարդը:
Հանդիպման ավարտին արդյունավետ համագործակցության համար ՀՀ ԱՍՀ նախարար Ա. Ասատրյանը տիկին Հիլիարդին պարգևատրեց նախարարության մեդալով: