Նախարար Արտեմ Ասատրյանի ելույթը՝ «Մարդասիրական արձագանքից դեպի կայուն որոշումներ» աշխատաժողովում

0
132

Փետրվարի 24-ին մեկնարկել է  «Մարդասիրական արձագանքից դեպի  կայուն որոշումներ» խորագրով աշխատաժողովը, որը նվիրված է  Սիրիայի հակամարտության  հետևանքով տեղահանված  և Հայաստանում  հաստատված անձանց ինտեգրման դյուրացման  խնդիրներին:

Ներկայացնում ենք աշխատաժողովում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի ելույթը:

«Հարգելի գործընկերներ,

Ողջունում եմ աշխատաժողովի մասնակիցներին և կարևորելով  թեման՝ պետք է նշեմ, որ  արդեն ժամանակն է,  որպեսզի մեր բոլոր ջանքերը համատեղելով անցնենք կայուն լուծումների: 

Դեռևս  2012 թվականին,  երբ սկսվեց  մեր սիրիահայ հայրենակիցների հոսքը Հայաստան, ՀՀ կառավարությունը իր բոլոր օղակներով, իհարկե Սփյուռքի նախարարության մեծ դերակատարմամբ, սկսեց իրականացնել անհրաժեշտ աշխատանքներ, որպեսզի լիարժեք պայմաններ ապահովի մեր հայրենակիցների համար  մայր հայրենիքում:

Աշխատանքի և սոցիալական  ոլորտում  2012 թվականին  նախարարի համապատասխան հրամանով սահմանվեցին անհրաժեշտ բացառություններ, որպեսզի  օրենքով և օրենսդրությամբ  նախատեսված կանոնակարգերը խոչընդոտ չհանդիսանային  մեր  հայրենակիցների համար աշխատանքի և սոցիալական ոլորտում իրականացվող ծրագրերում  ընդգրկվելու համար:  

Զբաղվածության ոլորտում վերջին  տարիների ընթացքում  մեր միջազգային գործընկերների աջակցությամբ  և համագործակցության արդյունքում, մասնավորապես՝ ՄԱԿ-ի կառույցների, շուրջ 1500 սիրիահայեր ընդգրկվել են  զբաղվածության պետական գործակալության կողմից իրականացվող տարբեր ծրագրերում, իսկ  նրանցից 200-ը  տեղավորվել է աշխատանքի:

Հաշվի առնելով երկու երկրների աշխատաշուկայի   տարբերություններն ու պահանջները,  մեր  սիրիահայ հայրենակիցների համար  իրականացվել են  տարբեր մասնագիտական ուսումնական  դասընթացներ, որից հետո շատերը նույնպես տեղավորվել են աշխատանքի:  

Մեր սիրիահայ բարեկամները   շարունակում են ընդգրկվել  նաև սոցիալական պաշտպանության ոլորտում իրականացվող մյուս ծրագրերում, օրինակ՝   ներկայումս  շուրջ 500 սիրիահայ կենսաթոշակառու ունենք, 70 անձ  օգտվել է  երեխայի ծննդյան միանվագ նպաստից,  76 ընտանիք էլ ՝  անապահովության գնահատման համակարգում է ընդգրկվել:

Այս բոլոր ծրագրերում ընդգրկվելով՝  մեր հայրենակիցներին  տրվել է  բոլոր այն  սոցիալական  երաշխիքները, որոնք այսօր ՀՀ-ում տրամադրվում է  մեր քաղաքացիներին:

Ուզում եմ անդրադառնալ նաև  այստեղ հնչած մեկ այլ կարևոր խնդրի՝   սիրիահայերի ինտեգրմանը մեր հասարակություն, այս համատեքստում  պետք է նշեմ, որ ինտեգրման առաջին  և հիմնական նախապայմանը կայուն աշխատանքն  ու բնակարանային ապահովություն է:  Առանց այս երկու խնդիրների հիմնարար լուծման, բնականաբար դժվար  է լինելու ապահովել այնպիսի պայմաններ, որպեսզի մեր հայրենակիցները լիարժեք ինտեգրվեն  հասարակությանը:

Իհարկե,  նշածս խնդիրներն ունեն նաև ՀՀ-ում ապրող մեր  քաղաքացիները. այս ուղղությամբ ՀՀ կառավարությունը առաջիկայում  Ժողովրդագրական վիճակի բարելավման  2016-2018 թվականների ծրագրի հաստատումը պետք է իրականացնի: Այդ ծրագիրն արդեն մշակվել  և քննարկվել է  ՀՀ վարչապետի մոտ, առաջիկայում նախատեսվում է նաև  ծրագրի շուրջ  հանրային քննարկումներ:  Իսկ  կետերից մեկը  բնակարանային ապահովության ծրագրերի իրականացումն է, որպեսզի նոր կառուցակարգերով և ոչ միայն պետական միջոցներով, այլև  նոր  ռեսուրսներ ներգրավելով  կարողանանք իրականացնել այն:

Մեկ անգամ ևս անդրադառնալաով  սիրիահայերի աջակցման ուղղությամբ տարվող աշխատանքների կարևորությանը՝  շնորհակալություն եմ  հայտնում  Սփյուռքի նախարարին ,  ով  արդյունավետ կորդինացրել է այդ ուղղությամբ տարվող բոլոր աշխատանքները:    Շնորհակալություն  եմ հայտնում մեր  բոլոր  գործընկերներին, ովքեր  կանգնած են եղել մեր հայրենակիցների կողքին և շարունակում են աջակցել նրանց՝  մեր հասարակություն լիարժեք ինտեգրում ապահովելու  և կայուն լուծումներ առաջարկելու տեսանկյունից:

 Հաջողություն եմ մաղթում բոլոր աշխատանքներին»: