0
84

Դեկտեմբերի 5-ին Երևանի Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում տեղի ունեցավ ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ստեղծման 95 և սոցիալական ծառայությունների հիմնադրման 20-ամյակներին նվիրված հանդիսավոր միջոցառումը, որին մասնակցում էին ՀՀ վարչապետ Տ. Սարգսյանը, բարձրաստիճան ու պատվավոր հյուրեր, տեղական և միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ:

ՀՀ կառավարության անունից շնորհավորելով ոլորտի աշխատակիցներին հոբելյանների կապակցությամբ՝ վարչապետը հիշեցրեց, որ այս բնագավառում ներգրավված հազարավոր աշխատակիցներն առնչվում են օժանդակության կարիք ունեցող քաղաքացիների ամենօրյա խնդիրներին: “Այսօր մեր բնակչության մի մեծ զանգված օգնության և օժանդակության կարիք ունի, երբեմն դա արտահայտվում է ոչ թե ֆինանսական օժանդակությամբ, այլ մարդկանց հոգսն ու ցավը կիսելով: Մարդկային խոսքը, վերաբերմունքը շատ հաճախ ավելի մեծ կշիռ ունի մեր քաղաքացիների համար: Հենց այդ ճակատում է, որ դուք իրականացնում եք ձեր ամենօրյա ծանր աշխատանքը, և հենց ձեր աշխատանքով է պայմանավորված՝ խոցելի խմբերի ներկայացուցիչները գոհ կլինեն մեր կողմից մատուցվող ծառայություններից, թե ոչ: Իհարկե, իր մեծ և կարևորագույն նշանակությունն ունի նաև ֆինանսական օժանդակությունը ու մենք պարտավոր ենք օգնել այն մարդկանց, ովքեր դրա կարիքն ունեն: Պետությունն, այդ առումով, տարեցտարի ավելացնում է նաև այդ հատկացումները. պետական բյուջեի մի ահռելի մասն ուղղվում է հենց սոցիալական խնդիրների լուծմանը:Շնորհակալություն եմ հայտնում սոցիալական ծառայությունների ոլորտի աշխատակիցներին՝ կատարված մեծածավալ աշխատանքների համար և մաղթում աշխատանքային հետագա հաջողություններ,- ընդգծեց Տիգրան Սարգսյանը:

Միջոցառման մասնակիցներին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 95-ամյա պատմության ուղին համառոտ ներկայացրեց նախարար Ա. Ասատրյանը և նշեց. <Աշխարհի ցանկացած պետություն, ի թիվս այլ հատկանիշների, բնութագրվում է իր քաղաքացիների սոցիալական պաշտպանվածության մակարդակով, բարոյական ու մարդասիրական նորմերի կենսունակությամբ, օգնության կարիք ունեցողի նկատմամբ իր վերաբերմունքով: Այս դրույթները կյանքի կոչելու նպատակով յուրաքանչյուր պետություն իր կայացման տարբեր ժամանակահատվածներում ձևավորել է սոցիալական համակարգեր, զարգացրել ու կայացրել դրանք: Հայաստանում սոցիալական պաշտպանության համակարգի սաղմերը հիմնադրվել են շատ վաղուց: Այն անցել է մեծ ճանապարհ՝ նորը համատեղելով հնի հետ>:

Շնորհակալություն հայտնելով համակարգի բոլոր աշխատակիցներին ու ոլորտի երախտավորներին՝ նախարարը ընդգծեց. <Սոցիալական աշխատողը պետության ներկայացուցիչն է այն մարդկանց համար, որոնք ունեն աջակցության կարիք: Հանդես գալով պետության անունից՝ դուք մարդկանց օգնում եք հավատալ, որ կյանքը կարող է և պետք է ավելի լավը լինի, և վերջապես՝ հենց ձեզնով է գնահատվում պետության վարած սոցիալական քաղաքականությունը: Սոցիալական աշխատանքը մարտահրավերների և փոփոխությունների ոլորտ է, սոցիալական աշխատողը՝ մարդկային բարձր որակներով ու մասնագիտական հմտություններով օժտված անձ, որի աշխատանքի կենտրոնում Մարդն է, իսկ նպատակը՝ Մարդու կյանքի որակի բարելավումը: Պետք է բարձր պահել սոցիալական աշխատողի անունը, ձեր մարդկային անկեղծ վերաբերմունքով, ջերմությամբ օգնել մարդուն, կանգնել նրա կողքին, հավատ ներշնչել նրան իր իսկ ուժերի նկատմամբ, աջակցել իրականացնելու իր իրավունքները՝ որպես հասարակության լիիրավ անդամ: Եվս մեկ անգամ շնորհավորում եմ բոլորիս հիշարժան առիթով և մաղթում բարեկեցություն ու նորանոր հաջողություններ>:

Վերջին տարիներին սոցիալական ծառայության ոլորտում իրականացվել են արմատական փոփոխություններ, ՀՀ կառավարությունը սկսել է մի քանի նոր ծրագրեր որոնց արդյունքում սոցիալական ծառայություններն այսօր առավել թիրախային են,իսկ արդյունքները՝ դրական: Այդ առումով հատկանշական է ինտեգրացված սոցիալական ծառայության համակարգի ներդրումը, որը քաղաքացիների համար ծառայությունները մեկ պատուհանի սկզբունքով դարձնում է առավել հարմարավետ: Առաջիկայում ներդրվելու է առնվազն 10 նոր ծրագիր, որոնք անապահով ընտանիքներին ապահովելու են աշխատանքով: Այդ նպատակով իրականացվելու են բազմաթիվ վերապատրաստման ծրագրեր:

Միջոցառման ընթացքում ոլորտի մի խումբ ներկայացուցիչներ պարգևատրվեցին և խրախուսվեցին ՀՀ վարչապետի հուշամեդալով, շնորհակալագրով և հուշանվերով: ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից սահմանված անվանակարգերին համաձայն ոլորտի մի խումբ աշխատակիցներ պարգևատրվեցին ՀՀ ԱՍՀ նախարարի շնորհակալագրով և հուշանվերով: