Դեկտեմբերի 6-ին Երևանի քաղաքապետարանում տեղի ունեցավ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանի հանդիպումը, որի ընթացքում քննարկվեցին 2014թ. Երևանում նախատեսված սոցիալական ծրագրերի հետ կապված խնդիրները: Ողջունելով հյուրին՝ Տարոն Մարգարյանը նախ շնորհավորեց նախարարին սոցիալական ծառայությունների կազմավորման 20 և ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության 95-ամյակի կապակցությամբ և ընդգծեց, որ բնակչության սոցիալական վիճակի բարելավմանն ուղղված ծրագրերը քաղաքապետարանի մշտական ուշադրության կենտրոնում են, և տարեցտարի ավելի մեծ միջոցներ են ուղղվում բնագավառի կատարելագործմանը. <Սոցիալական տարբեր խմբերում ներառված մեր համաքաղաքացիներն իսկապես մեր խնամքի, հոգածության և աջակցության կարիքն ունեն, և մենք պետք է հետևողական աշխատանք տանենք նրանց խնդիրների լուծման ուղղությամբ: 2014թ. Երևան քաղաքի բյուջեում, մասնավորապես սոցիալական ծրագրերի իրականացման մասով, մենք նախատեսել ենք զգալի միջոցներ: Ըստ այդմ, գալիք տարի ծավալուն աշխատանքներ ենք նախատեսել իրականացնել նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար քաղաքն առավել մատչելի դարձնելու ուղղությամբ>,- նշեց Տարոն Մարգարյանը:
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանն էլ իր հերթին, շնորհակալություն հայտնելով մայրաքաղաքում իրականացվող սոցիալական ծրագրերին քաղաքապետի գործուն օժանդակության համար, ընդգծեց, որ այն զգալիորեն նպաստում է նման ծրագրերի առավել արագ ու հասցեական իրականացմանը. <Սոցիալական ուղղվածության գործընթացների նկատմամբ դրսևորած Ձեր հետևողական ուշադրությունը իսկապես զգալի է և մեր կողմից շատ գնահատված, պարոն քաղաքապետ: Երևանի քաղաքապետարանի հետ ակտիվ համագործակցությունն արդյունավետ է, ինչի արդյունքում էլ համատեղ իրականացվող բոլոր ծրագրերը հաջողությամբ կյանքի են կոչվում>,- նշեց Արտեմ Ասատրյանը:
Կողմերը պայմանավորվեցին ընդլայնել համագործակցության ծրագրերի շրջանակը: